Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ. Չարլզ Սպերջեն
Աղոթքն օգնում է մեզ գիտակցել մեր աննշանությունը, և դա չափազանց օգտակար դաս է մեզ նման հպարտների համար:
Եթե Աստված շնորհեր մեզ Իր բարիքները՝ առանց ստիպելու մեզ աղոթել դրանց համար, երբեք չէինք հասկանա, թե որքան աղքատ ենք, մինչդեռ ճշմարիտ աղոթքն իրենից ներկայացնում է կարիքների, պահանջմունքների թվարկում և մերկացնում է մեր ծածուկ աղքատությունը:
Հանդիսանալով երկնային հարստության հայցում՝ աղոթքը մարդկային դատարկության խոստովանություն է:
Քրիստոսնյայի ամենաառողջ վիճակը մշտապես ներքին դատարկության զգացում ունենալն ու այդ դատարկությունը լցնելու համար Տիրոջից կախման մեջ գտնվելն է:
Նա միշտ իր ներսում աղքատ է, բայց Քրիստոսի մեջ՝ հարուստ, ինքն իրենով թույլ, ինչպես թափված ջուրը, բայց Աստծո մեջ զորավոր՝ մեծ գործեր իրականացնելու համար:
Եվ այստեղից բխում է աղոթքի օգտակարությունը, քանի որ փառաբանելով Աստծուն՝ մարդուն մատնացույց է անում այն տեղը, որտեղ նա պետք է լինի՝ հողի փոշու մեջ:
Աղոթքն ինքնին քրիստոնյայի համար մեծագույն բարիք է, անկախ պատասխանից, որ հետևում է դրան: Ինչպես վազորդն է մրցավազքի համար ուժ հավաքում ամենօրյա մարզումների արդյունքում, ճիշտ այդպես էլ մենք մեր կյանքի մեծ ասպարեզն անցնելու համար եռանդ ենք կուտակում աղոթքի սուրբ աշխատանքի շնորհիվ:
Աղոթքը բացում է Աստծո զավակների թևերը, որպեսզի նրանք սովորեն արծիվների պես ամպերից վեր սավառնել: Աղոթքը գոտևորում է Աստծո զինվորների մեջքը և նրանց մարտի ուղարկում՝ զորացնելով նրանց ջղերը և ուժեղացնելով մկանները:
Ճշմարիտ աղոթողն իր սենյակից դուրս է գալիս ճիշտ այնպես, ինչպես արեգակն է ծագում արևելքից, և զվարճանում ինչպես հսկա, որ պետք է անցնի իր ճանապարհը:
Աղոթքը Մովսեսի վեր պարզված ձեռքն է, որն ավելի լավ էր խոցում ամաղեկացիներին, քան Հեսուի սուրը: Դա մարգարեի վերնատնից արձակված նետն է, որ կանխագուշակում է ասորիների պարտությունը:
Աղոթքը մարդկային թուլությունը գոտևորում է աստվածային զորությամբ, մարդկային հիմարությունը վերածում աստվածային իմաստության և խռովահույզ մահկանացուներին պարգևում Աստծո խաղաղությունը:
Չկա մի բան, որ աղոթքն ի զորու չլինի անել: Շնորհակա՛լ ենք Քեզ, Ո՜վ մեծ Աստված, այս պարգևի համար, որը Քո զարմանահրաշ գթասրտության լավագույն ապացույցն է: Օգնիր մեզ, որ այն ճիշտ օգտագործենք մեր առօրյա կյանքում: