Աստվածաշնչի թանգարանը Հարության տոնին ընդառաջ համալրվել է նոր վավերագրական ֆիլմերով, ցուցանմուշներով
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը պատրաստվում է Հարության տոնը նշել հատուկ միջոցառումների միջոցով՝ ցուցադրելով նոր վավերագրական ֆիլմեր և ցուցանմուշներ:
Թանգարանի գործադիր տնօրեն Հարի Հարգրեյվն ասաց, որ Հարության տոնը հույսի զգացողություն է փոխանցում։ Հենց դրա կարիքն են ամենից շատ զգում բոլորն այս օրերում:
«Չնայած համաճարակին՝ մենք նշելու ենք Հարության տոնը՝ հույս ունենալով գալիք լավ ժամանակների», - ասաց Հարգրեյվը: «Հարության տոնը մարդկության համար ամենամեծ հույսն է փոխանցում: Մենք ցանկանում ենք այդ հույսը կիսել մեր այցելուների հետ»:
Ցուցահանդեսը ներառում է հատվածներ, որտեղ հյուրերը կարող են տեսնել Հիսուսի կյանքի վերջին մի քանի ժամվա ընթացքում տեղի ունեցած 14 իրադարձություն:
Այցելուները կարող են տեսնել նաև «Հարության առավոտ» ապակյա խճանկարը, որը Լուի Քոմֆորտ Թիֆանիի ձեռքի աշխատանքն է՝ ստեղծված 20-րդ դարի սկզբին, որը ներկայացնում է հարություն առած Հիսուսին: Հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու նաև Միքելանջելոյի նշանավոր «Պիետա»–ի կրկնօրինակը՝ Մարիամի քանդակը, ով պահում էր Հիսուսի մարմինը խաչելությունից հետո:
Դանիել Սթիվենսը նաև վարելու է վիրտուալ զրույց, որտեղ հյուրերը կարող են ավելին իմանալ Հարության տոնի մասին:
Բացի այդ թանգարանը ցուցադրելու է «Հարության պատմությունը» վավերագրական ֆիլմը, որը մանրակրկտորեն ներկայացնելու է տոնի նշանակությունը և իմաստը:
«Քրիստոնյաների համար հենց Հիսուսի հարությունն է սահմանում ողջ մարդկության պատմությունն ու կյանքը», - ասաց Հարգրեյվը:
Վավերագրական ֆիլմը նկարահանվել է Իսրայելում, Իտալիայում և Աստվածաշնչի թանգարանում, և պատմվել է քրիստոնյա երաժիշտ ու դերասան Մեթյու Ուեսթի կողմից:
Աղբյուրը՝ cbn.com