Առողջ փոխհարաբերություններ
Ընտանիքը, լինելով եկեղեցու և հասարակության կարևոր օղակ, մշտական կարիք ունի առողջ փոխհարաբերությունների: Մարդկային փոխհարաբերություններ կառուցելը և ավելին՝ բարձր որակ ապահովելը շատ բարդ աշխատանք է և պահանջում է շատ ժամանակ ու ջանքեր: Հասկանալով գործի դժվարությունը՝ մեզ համար պարզ է դառնում, որ առանց Աստծո մենք չենք կարող ունենալ ճիշտ և Աստվածահաճո փոխհարաբերություններ: Մարդկային շփումը և հաղորդակցությունը՝ լինի դա ընտանեկան, ընկերական թե եկեղեցական, պահանջում է սեր և նվիրվածություն: Ինչպես Աստծո համար կարևոր է Իր և մարդու փոխհարաբերությունը, նույնքան էլ Նա կարևորում է մարդ և մարդ շփումը:
Շատ ամուսնական զույգեր կորցնում են երջանկության զգացումը, կորցնում են Աստծո օրհնությունները զուտ այն պատճառով, որ ճիշտ չեն կառուցում իրենց փոխհարաբերությունները: Մենք օրինակ ենք մեր շրջապատին ու երեխաներին: Ուրեմն՝ առողջ ընտանիքներ ունենալու համար թե՛ ներկայում, թե՛ ապագայում ներդնենք մեր ջանքերը և կառուցենք քրիստոնեական ճշմարիտ ընտանիքներ:
Առողջ փոխհարաբերություններ ունենալու համար առաջնային մեզ հարկավոր է սեր: Շատ կան մեր շրջապատում զույգեր, մանավանդ՝ նորաստեղծ, որ ակնառու է սիրո ներկայությունը, բայց չգիտես ինչո՞ւ, այդ զույգերը ունեն մի շարք խնդիրներ: Չէ՞ որ մենք գիտենք, որ սերը ծածկում է թերություններն ու սխալները: Բայց միայն սերը բավարար չի լինի, եթե այնտեղ չկան մի շարք կարծես թե սովորական և մեր կողմից քաջ գիտակցված կետեր.
- Ընդունել կնոջը (ամուսնուն), ինչպիսին կա: Սիրել ու ընդունել առանց նախապաշարումների: Ամեն մարդ անհատականություն է և չարժե վերադաստիարակել և դարձնել քեզ համապատասխան: Աստված մեզ սիրեց և մեզ հետ փոխհարաբերության մեջ մտավ մինչ մենք մեղավոր էինք: Նրա սերը, առատ ողորմությունն ու համբերությունը մեր նկատմամբ փոխեց մեզ: Սիրելի՛ զույգեր, եթե ինչ-որ բան ձեր կնոջ կամ ամուսնու մեջ գտնում եք, որ սխալ է և կարիք կա փոխվելու, ուրեմն՝ առատ եղեք սիրո մեջ և խնամք տարեք միմյանց համար սիրով ու համբերությամբ:
- Չհամեմատել ոչ մեկի հետ: Շատ անգամ այս սխալ քայլը անում են կանայք՝ համեմատում են և շտապում բարձրաձայնել իրենց մտորումների մասին: Տղամարդիկ ավելի իմաստուն են. չեն բարձրաձայնում, եթե անում էլ են, ասում են՝ «օրինակ եմ բերում»: Ցանկացած կնոջ համար այս իրավիճակը ցավալի է, իսկ տղամարդու համար՝ ոչ պատվաբեր: Կարծում եմ՝ Աստծուն էլ դա հաճելի չէ, որովհետև մենք Աստծո համար անհատականություն ենք, և Նա մեզ երբեք չի համեմատում ուրիշների հետ:
- Լինել անկեղծ ամեն իրավիճակներում: Այս խնդիրը շատ հաճախ ունենում են կանայք: Երբեմն, սիրելի՛ ամուսիններ, ձեր կանայք չեն կարողանում անկեղծ զրուցել, որովհետև կարծում են կամ գուցե անգամ վախենում, որ ամուսինն այս անգամ էլ կվերաբերվի որպես հերթական անհեթեթություն: Անկեղծ զրույցներն են, որ թույլ են տալիս ի հայտ բերել առկա խնդիրները և դրանց լուծում տալ: Մի՜ թաքցրեք միմյանցից որևէ բան, այլ անկեղծ զրուցեք և խոստովանեք ձեր անհանգստությունները միմյանց:
- Դիմացինին լսելու ունակություն ձեռք բերեք: Ինչ որ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնն էլ դու արա նրանց: Եթե ուզում ես քեզ լսեն, ուրեմն՝ լսիր դիմացինին մինչև վերջ և մի լքիր սենյակը, մինչև չեն ասվել և լսվել վերջին բառերը: Իրար հետ և իրար համար աղոթեք և փառք տվեք Աստծուն միմյանց համար:
Շատ գործնական քայլեր կան, որ կօգնեն մեզ առողջ փոխհարաբերություններ կառուցել: Բայց ամենից առաջ մեր առջև սա ունենանք, որ Տերը գնահատում է և ուրախանում, որ մենք խաղաղության մեջ ենք լինում մարդկանց հետ և մեր հարազատների մեջ տեսնում ենք Հիսուսին և վերաբերվում ըստ արժանվույն, որքան էլ որ այն բարդ լինի ու զոհաբերություններ պահանջվեն:
Անետա Սարգսյան
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը