Առավոտյան աղոթելու կարևորությունը
Աստվածաշունչը ոգեշնչում է մեզ անդադար աղոթք անել (Ա Թեսաղոնիկեցիս 5.17): Անդադար աղոթքի ապրելակերպը սկսվում է առավոտյան: Կա մի բան առավոտը աղոթելու մեջ, որ մեզ շատ է օգնում: Հոգևոր, մտավոր և անգամ հոգեբանական իմաստով մենք ավելի հստակ ու կենտրոնացած ենք դառնում օրվա մեջ մեր անելիքներում:
Երբ խոսքը առավոտյան աղոթելու մասին է, չկա ավելի լավ օրինակ, քան Հիսուսն է: Մարկոս 1.35-ն ասում է. «Եվ լուսածագին առավոտանց շատ կանուխ վերկացավ՝ դուրս եկավ գնաց մի անապատ տեղ և այնտեղ աղոթք էր անում»: Եթե Հիսուսի համար սկզբունքային էր ամեն առավոտ աղոթք անելը, չկա ոչ մի պատճառ, որ պետք է մեզ հետ պահի առավոտյան աղոթելուց:
Առավոտյան աղոթելը միջոց է՝ Աստծուն հրավիրելու մեր օրվա մեջ՝ նախքան այն կսկսվի, և թույլ տալու Նրան՝ գնալու մեր առաջից: Կան չորս հիմնային կետեր, որոնցով մենք պետք է աղոթենք առավոտյան, երբ մոտենում ենք Աստծուն և մեր օրը բերում Նրա առջև:
Գոհաբանություն. Գոհության մեջ կա մի բան, որ մեր հոգու ու մտքի մեջ թարմություն է բերում:
Ա Թեսաղոնիկեցիս 5.18-ն ասում է. «Ամեն բանի մեջ գոհացեք, քանզի դա է Աստծո կամքը ձեզ համար Հիսուս Քրիստոսումը»: Աստծո ցանկությունն է, որ մենք գոհացող մարդիկ լինենք: Ինչո՞ւ: Որովհետև կա շատ բան, ինչի համար մենք պետք է գոհանանք. նախորդ օրը, գալիք օրը, մեր կյանքը, հարաբերությունները, աշխատանքը, մեր կյանքը Քրիստոսի մեջ և այդպես շարունակ:
Փառաբանություն. Երբ Հիսուսը աշակերտներին սովորեցնում էր աղոթել, Նա սովորեցնում էր նրանց աղոթքը սկսել այսպես. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը» (Մաթևոս 6.9): Աստծուն մեծարելը հաստատում և հիշեցնում է մեզ Նրա զորությունը մեր կյանքում, իշխանությունը մեր կյանքի վրա: Որպես մարդ՝ մենք կարող ենք մոռանալ, թե Ով է Աստված մեզ համար, և ինչ Նա կարող է անել:
Աստծո առաջնությունը և կամքը քո օրվա համար. Անկախ նրանից՝ դու քո օրը ծրագրե՞լ ես, թե՝ ոչ, Աստված արդեն արել է դա: Եվ Նրա ծրագրերը բարի են, հաճելի ու կատարյալ (Հռոմեացիս 12.2):
Եվ այսպես Աստծո կամքը խնդրելը՝ մեզ համար Նրա լավագույնը խնդրելն է: Ամեն օր պետք է գանք Տիրոջ առջև՝ ճանաչելու այն, ինչ Նա ցանկանում է մեզ համար:
Մատակարարում. Կա պատճառ, թե ինչու էր Հիսուսը խնդրում մեզ աղոթել մեր «հանապազօրյա» հացի համար: Ամենը, ինչ մենք ստանում ենք, Աստծուց է գալիս. մեր կյանքը և ամենը, ինչ ունենք: Մատակարարման համար աղոթք անելը ճանաչելն է Աստծուն՝ որպես ամենի աղբյուր մեզ համար, և առավոտյան այդ աղոթքն անելը հիշեցնում է մեզ, թե Ով է ամեն բան մեզ Տվողը:
Ինչպես Հակոբոս 1.17-ն է հիշեցնում մեզ. «Ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում՝ լույսի Հորիցը, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա»:
Հեղինակ՝ Պատրիկ Մաբիլոգ