Աղոթքի կարևորությունը
Իմ հոգին կոտրված է։ Ես ինձ զգում եմ հուսալքված ու մերժված։ Ընտանիքս անցնում է դժվարությունների միջով, և այս ամենն ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Ոչ մեկ չի ցանկանում անցնել դժվարությունների միջով։ Դժվարությունները մեզ կարող են հեռացնել Աստծուց կամ ավելի մոտեցնել։ Ես նախընտրում եմ Աստծուն մոտ լինելը և շարունակել աղոթելը։
Իսկ ինչպիսի՞ն է ձեր աղոթքի կյանքը։ Արդյո՞ք դուք հանդիպում եք Աստծուն և ձեր սիրտը բացում Նրա առջև։ Ահա մի քանի կարևոր բաներ, որ պետք է անենք ամեն օր։
Աղոթքի կարևորությունը
Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենակարևոր բանը պետք է լինի։ Դա համարվում է Աստծո հետ ժամանակ անցկացնել, և դրան լուրջ պետք է վերաբերվել։ Աղոթք կարող է անել ցանկացած ոք ցանկացած պահին։
Մոտենալ Աստծուն
Անհնար է ճանաչել մեկին, ում հետ ժամանակ չես անցկացնում։ Աղոթքը մեզ տալիս է հնարավորություն Աստծո հետ ժամանակ անցկացնել։
Հովհ.15.15-ում գրված է.
«Այլեւս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտե, թէ իր տերն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ Հորիցն, իմացրի ձեզ»։
«Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք. դուք Աստծո մշակությունը՝ Աստծո շինվածն էք» (Ա Կորնթացիներին 3.9)։
Աղոթքը լույս է բերում մթության մեջ
Երբեմն մենք մոռանում ենք, թե որքան զորություն կա աղոթքի մեջ։ Եվ տարակուսում ենք՝ արդյոք արժե՞ պայքարել աղոթքով, թե՝ ոչ։
Եփես. 6.12-ում գրված է.
«Որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են»։
Աղոթքով մենք կարող ենք պարտության մատնել սատանային։ Նա ուզում է մեզ ոչնչացնել, իսկ Աստված ուզում է մեզ Իրեն մոտեցնել։ Աղոթքը մեր զենքն է, որով կհաղթենք պատերազմը։ Աղոթքը մեզ ուժ է տալիս, և հավատքն էլ մեզ օգնում է, որ այդ ուղին հաղթանակով ավարտենք։
Աղոթքը փոխում է մեզ
Մենք մտածում ենք, որ աղոթքը փոխում է Աստծուն, սակայն դա այդպես չէ։ Աղոթքը փոխում է մեզ։ Երբ մենք ժամանակ ենք հատկացնում Աստծուն, Նա փոխում է մեր սիրտը, որպեսզի Իրեն նմանվենք։ Ինչքան շատ ժամանակ հատկացնենք Աստծուն, այդքան շատ կնմանվենք Նրան։ Անգամ կփոխվեն մեր սովորությունները, և այլևս եսակենտրոն չենք լինի։ Քանի որ աղոթքը մեզ փոխում է ամբողջովին։
Աղոթքը պաշտպանում է մեզ
Մենք աղոթում ենք մեր և մեր հարազատների պաշտպանության համար ամեն օր։ Այս ամենն անելով՝ մենք կարող ենք օրինակ հանդիսանալ մեր երեխաների համար, որ իրենք էլ աղոթքի կյանք ունենան։
Աղոթքը մեզ բեկումնային վիճակից է ազատում
Մենք կարող ենք ունենալ դժվարություններ, որոնք անելանելի կարող են թվալ մեզ։ Մենք պետք է հենց այդ վիճակում գանք Աստծո առջև ծոմով և աղոթքով։ Կարիք կա, որ մենք մինչև վերջ Աստծուց կառչենք։ Գուցե դժվար է սպասել աղոթքի պատասխանին, բայց պետք է հավատարիմ մնանք Աստծուն։ Մինչ պատասխան ստանալը կարող ենք փառաբանության երգեր երգել, Աստվածաշունչ կարդալ, որպեսզի միշտ Աստծուն մոտ լինենք։ Աղոթելիս Աստված պատասխանում և խաղաղություն է մեզ շնորհում։ Մենք միայն պետք է հավատարիմ մնանք Աստծուն և Նրանից չհեռանանք, որքան էլ դժվար լինի։ Նա է մեզ զորացնողն ու օրհնողը։
Աղբյուրը՝ theconfidentmom.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը