Աղոթի՛ր քո եկեղեցու հովվի համար. Դեյվիդ Ուիլքերսոն
Երբ Պողոսը բանտում էր՝ պատրաստ տալու իր կյանքը, նա խնդրում էր փիլիպեցիներին, որ նրանք աղոթեն իր համար. «Վասնզի գիտեմ, թէ այս բանը վերջապէս ինձ փրկութեան պատճառ կ’լինի ձեր աղօթքովը՝ եւ Յիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտուութիւնովը»: Փիլ. 1.19:
Պողոսը գիտեր, որ նա հատուկ նշանակության տակ է, որ սատանայական հորդաները վստահ որոշել են վերացնել իրեն: Սա արդարացի է նաև Ավետարանի յուրաքանչյուր ճշմարիտ ծառայողի նկատմամբ:
Յուրաքանչյուր հովիվ, քարոզիչ և ավետարանիչ կարիք ունի աղոթքի օգնականների, ովքեր միշտ կբարեխոսեն իր համար:
Կարող եմ վստահեցնել ձեզ, որ այս պատգամը չէր լինի այսօր, եթե չլինեին աղոթող օգնականները, ովքեր տարիներով կանգնում են ինձ համար աղոթքով: Վերջերս հիշեցի այդ մասին, երբ Եվրոպայում էի՝ անցկացնելով ծառայողական կոնֆերանսներ և երեկոյան ավետարանչություններ: Այդ ամբողջ ընթացքում Սուրբ Հոգին զգացնել էր տալիս, որ ինձ աջակցում է բազում մարդկանց աղոթքներ: Նիցցայում՝ Ֆրանսիայում, այդքան էլ չեն հարգում ամերիկացիներին, հատկապես՝ ամերիկացի ավետարանիչներին: Մենք բոլորս անհանգստանում էինք երեկոյան սպասվելիք ավետարանչական ծառայության համար՝ հարց տալով ինքներս մեզ, թե արդյո՞ք այն կկայանա առհասարակ: Ֆրանսիան հեղեղված է թերահավատությամբ, աթեիզմով, ագնոստիցիզմով, և դեռ ոչ ոք չէր էլ փորձել անցկացնել այս կարգի հավաքույթ:
Սակայն երբ եկավ որոշված ժամը, եկան հազարավոր մարդիկ: Այդ ժամանակ էլ ես սկսեցի զգալ իմ անօգնականությունը: Ես չգիտեի՝ ինչ քարոզել: Թվում էր՝ այն ամենը, ինչ ես նշել էի, պիտանի չէր: Մենք թարգմանչի հետ նախապես նայեցինք որոշ նշումներ, բայց ես վստահ չէի, որ դրանք համապատասխանում են այդ հավաքույթին:
Ես նրան զգուշացրի. «Ես վստահ չեմ, որ կխոսեմ հենց սա»: Երբ ես բարձրացա բեմ, ինձ վրա զորությամբ իջավ Սուրբ Հոգին: Ես զգում էի հազարավոր սուրբերի աղոթքի աջակցությունը և երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին լեցրեց իմ շուրթերը: Ես քարոզեցի 40 րոպե, և այդ ամբողջ ընթացքում տիրում էր քար լռություն: Վերջացնելով ես ուղղակի ասացի.«Եթե դուք Հիսուսի կարիքն ունեք, խնդրում եմ, առաջ եկե՛ք»: Հարյուրավոր մարդիկ բարձրացան իրենց տեղերից:
Նույնը տեղի է ունենում նաև մյուս բոլոր երկրներում, որտեղ անցկացնում ենք ծառայություն՝ Խորվաթիայում, Ռումինիայում, Լեհաստանում, ամենուրեք: Ամեն ծառայությունից առաջ ես աղոթել եմ. «Տե՛ր, ի՞նչ պետք է ասեմ»: Եվ ամեն անգամ Սուրբ Հոգին քնքշորեն ասել է. «Ժողովուրդն աղոթում է»:
Ես վստահ եմ՝ շարժող ուժը, որ բազում մարդկանց դրդում է ապաշխարության այս ճանապարհորդության ընթացքում, աղոթքն է:
Ահա ևս մեկ օրինակ նրա, թե ինչպես է օգնող աղոթքի ուժը մի քրոջ՝ մեր եկեղեցու անդամի, շնորհել վերջերս հրաշալի ազատագրում: Թերեզա Կոնլոնը՝ մեր կրտսեր հովիվներից մեկի կինը, ծնողների հետ գնալիս է եղել Մեին նահանգով, երբ հանկարծակի ճանապարհ է վազել եղջերու: Մեքենան հարվածել է կենդանուն, և նա թռել է մեքենայի մեջ՝ կոտրելով ճակատային ապակին: Մեքենան լիովին կոտրվել է, բայց, փա՛ռք Աստծուն, բոլոր երեք ուղևորներն էլ դուրս էին եկել առանց որևէ քերծվածք ստանալու: Երբ ես այս նորությունը հիշատակեցի հաջորդ ծառայության ժամանակ, ինձ մոտեցավ մի հավատարիմ աղոթող մեր եկեղեցուց: Այս կինը, ամբողջովին դողալով, պատմեց ինձ. «Հովի՛վ, այս դեպքի նախօրեին Սուրբ Հոգին իմ սրտում դրեց աղոթել Կոնլոն եղբոր կնոջ համար: Նա առաջնորդեց ինձ, որ աղոթեմ նրա պահպանության և սատանայի բանսարկությունից ազատվելու համար: Ես ոչինչ չգիտեի այս դեպքի մասին, մինչև դուք հենց նոր չհիշատակեցիք այդ մասին»:
Երբ ընդունում եք ձեզ վրա աղոթքի օգնության ծառայությունը, Աստված բառացի կարթնացնի ձեզ գիշերվա կեսին, որպեսզի կրեք ուրիշների բեռները, և Նա զարմանալի կերպով կուղղորդի ձեզ աղոթքի մեջ նրանց համար:
Աղբյուրը՝ facebook.com
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը