10 կուռք, որ անհրաժեշտ է հեռացնել սրտից
1. Հպարտություն
Հպարտ մարդիկ համարում են, որ իրենք չունեն Աստծո կարիքն իրենց կյանքը փոխելու համար: Անգամ հանդիպում ենք այնպիսի քրիստոնյաների, ովքեր իրենց հպարտությունն Աստծուց վեր են դրել՝ թույլ չտալով Նրան իրենց կյանքը ղեկավարել: Հպարտությունը կարող է տարբեր կերպ արտահայտվել:
Հաճախ այն թաքնված է լինում: Օրինակ անհնազանդությունը հաճախ հենց հպարտության դրսևորում է: Հենց այդ դեպքում է, երբ դուք չեք ցանկանում, որ ուրիշներն ասեն ձեզ, թե ինչպես վարվել. «Մարդու ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն, և պիտի իջնի մարդկանց հպարտությունը. և միայն Տերը կբարձրանա այն օրը» (Եսայի 2.11):
2. Կիրք
Կրքով ու ցանկասիրությամբ լցված մտքերը մեկ օր գործի են վերածվում: Եթե տղամարդը ցանկասիրությամբ է նայում կնոջն ու մտածում նրա մասին այդ տեսանկյունից, ապա Աստծո աչքերին դա արդեն շնություն է. «Լսել եք, որ ասվեցավ առաջիններին, թե՝ շնություն մի՛ անիր։ Բայց ես ասում եմ ձեզ, թե՝ ամեն ով որ մի կնկա վրա մտիկ տա նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ» (Մաթևոս 5.27-28):
3. Ֆիզիկական կուռքեր
Դուք կարող եք ասել՝ «Ես ոչ մի կուռքեր չունեմ իմ տանը»: Կուռքն այն է, ինչը մեզ համար ամենագլխավորն է դառնում, ինչին մենք տալիս ենք մեր սիրտն ու ժամանակը: Դա կարող է լինել հեռուստացույցը, համակարգիչը, հեռախոսը, ալկոհոլը, կերակուրը, ծխախոտը, սիրելի զբաղմունքը կամ հակումը՝ ամեն հնարավոր բան:
Երկու օր հրաժարվեք այն ամենից, ինչով սիրում եք զբաղվել, և դուք կհասկանաք, թե արդյոք կախվածություն ունե՞ք դրանցից, թե՞ ոչ: «…Քեզ համար կուռք չշինես, և ոչ վերը՝ երկնքումը, կամ ցածը՝ երկրի վրա, կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մեկ նմանությունը. նրանց երկրպագություն չանես և նրանց չպաշտես, որովհետև Ես՝ քո Եհովա Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա՝ մինչև նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ» (Ելից 20.3-5):
4. Քո «ես»-ը
Արդյոք ձեր սեփական պահանջներն ու ցանկությունները երկրորդ տեղո՞ւմ եք դնում՝ Երկնային Արքայությունը փնտրելուց հետո, թե՞ անհանգստանում եք՝ ի՞նչ ուտել ու ի՞նչ հագնել:
Որքա՞ն եք վստահում Աստծուն: Ձեր որոնումները չպետք է ուղղված լինեն նյութական բարիքներին, այլ ավելի շատ հոգևորին, և նյութականը կտրվի. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):
5. Զվարճանք
Հարց տվեք ինքներդ ձեզ, թե ձեր զվարճությունը պատվում ու մեծարո՞ւմ է Աստծուն: Եթե ոչ, ապա դա հիմնավոր պատճառ է, որ դա այլևս չանեք: Իհարկե, ոչ մի վատ բան չկա, օրինակ, սպորտային խաղերի մեջ, կամ սրճարանում ընկերներիդ հետ զրուցելու և լավ ժամանակ անցկացնելու մեջ: Խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ դուք ավելի շատ գումարներ, ուժեր ու ժամանակ եք ծախսում դրանց վրա, քան ընտանիքի, Աստծո կամ կարիքավորների:
Եթե ձեզ դուր է գալիս զվարճանքը, ու դուք դա Աստծուն ծառայելուց բարձր եք դասում, ապա դա կուռք է, որը պետք է հեռացվի. «Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունովն արեք՝ գոհություն տալով Աստծուն և Հորը նրա ձեռովը» (Կողոսացիս 3.17):
6. Մարդկային ծեսեր
Փարիսեցիները (կրոնավոր մարդիկ) Աստվածաշնչում արարում էին իրենց սեփական կանոնները, որոնք վերածվում էին կուռքերի: Նրանք իրենց սեփական կանոնները, ծեսերն ու ավանդույթները դնում էին Աստծո օրենքից վեր:
«Որովհետև Աստծո պատվիրանքը թողած՝ պահում եք մարդկանց ավանդությունը, անոթների և ամանների լվացմունքներ և սրանց նման էլ ուրիշ շատ բաներ եք անում։ Եվ նրանց ասաց. լավ եք անարգում Աստծո պատվիրանքը, որ ձեր ավանդությունը պինդ պահեք… Եվ Աստծո խոսքն անարգում եք ձեր ավանդությունովը, որ ավանդեցիք. և սրա նման ուրիշ էլ շատ բաներ եք անում» (Մարկոս 7.8-9,13):
7. Կրոն
Կրոնը կարող է կուռք դառնալ, և հաճախ այդպես էլ լինում է: Հիսուսը հավանություն չէր տալիս կրոնավորությանը: Կրոնն ու քրիստոնեությունը երկու տարբեր բաներ են: Կան որոշ կրոններ, որոնք Աստվածաշնչից հեռացնում են աստվածային վարդապետությունը ու ստեղծում կանոնների կամ ծեսերի իրենց կազմը:
Եկեղեցիները փորձում են իրենց ծեսերով վաստակել փրկությունը՝ դրանով իսկ զրոյի հավասարեցնելով Հիսուսի զոհը. «Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ նման եք ծեփած գերեզմանների, որ դրսևանց գեղեցիկ են երևում, բայց ներսևանց լիքն են մեռելների ոսկորներով և ամեն պղծությունով։
Այնպես էլ դուք՝ դրսևանց արդար եք երևում մարդկանց, բայց ներսևանց լիքն եք կեղծավորությունով և անօրենությունով։ Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ մարգարեների տապանները շինում եք և արդարների գերեզմանները զարդարում և ասում եք. եթե մենք լինեինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինի նրանց հետ մարգարեների արյունին։ Ուրեմն դուք ձեր մասին վկայում եք, թե որդիք եք մարգարեներին սպանողների» (Մաթևոս 23.27-31):
8. Ատելություն ու չարություն
Որոշներն իրենց օտարի պես են զգում, եթե ինչ-որ մեկի վրա բարկությունը չեն թափում: Նրանք կարծում են, որ ոչ մի վատ բան չկա բարկության ու չարության մեջ, չէ՞ որ բոլոր մարդիկ են դա անում, բայց դա ձեզ ներսից կսպանի, եթե չազատվեք դրանից: Հանե՛ք ձեր սրտից ատելությունն ու բարկությունը, և միայն այդ դեպքում դուք ազատություն կվերապրեք: Այն, որ դուք բարկանում եք, դա դեպի լավը չի փոխի ձեր կյանքը:
Չարությունը, վիրավորանքը կամ ատելությունը կուռք դարձնելու փոխարեն՝ փորձեք անկեղծորեն աղոթել այն մարդու համար, ով ձեզ ցավ է պատճառել: Դուք ավելի մեծ ուրախություն կունենաք, եթե սովորեք ներել. «Բարկանաք՝ մի՛ մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի։ Եվ տեղի չտաք սատանային» (Եփեսացիս 4.26-27):
9. Վախ ու անհանգստություն
Իրականում վախը հպարտության մեկ այլ տեսակ է: Երբեմն մարդիկ գիտակցաբար նախընտրում են վախենալ, որովհետև դա նրանց թույլ է տալիս ապահով զգալ, որովհետև իրենք այդպես կարող են վերահսկել ամեն բան իրենց կյանքում: Ես չեմ խոսում ֆոբիաների մասին, այլ անձնական վախերի պատճառով հավատքից հրաժարվելու գիտակցված քայլի մասին, օրինակ, ընկերներդ կիմանան, որ հավատացյալ ես դարձել և այլն:
Դա մեկ այլ փորձ է սեփական կյանքդ վերահսկելու ու թույլ չտալու Աստծուն վերահսկել այն. «Ոչինչ հոգս մի արեք. այլ ամեն բանում աղոթքով, և աղաչանքով, և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4.6):
10. Աշխարհի բարիքներ
Մենք կարող ենք հեշտությամբ կենտրոնանալ այս կյանքի վրա ու ստանալ բոլոր բարիքները, որ աշխարհն առաջարկում է մեզ: Ես այնքան եմ զարմանում՝ տեսնելով մարդկանց, ովքեր այնպես են տարված իրենց կարիերայով, որ չեն կարողանում հնարավորություն գտնել ծառայելու Աստծուն՝ ժամանակի սղության պատճառով:
Մարդիկ պետք է գումար վաստակեն ապրելու համար, բայց ի՞նչ իմաստ ունի ողջ կյանքն այդ ձգտմանն ընծայելը, ինչն էլ զրկում է ձեզ Աստծուն ծառայելուց: Կենտրոնացեք հավիտենականության վրա, որը երբեք չի ավարտվելու. «Մի սիրեք աշխարհը և ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 2.15):
Այս կուռքերը խանգարում են հասնել Աստծուն: Քրիստոնյան պետք է ձգտի Աստծուն, ոչ թե երկրայինին, չէ՞ որ առջևում հավիտենությունն է:
Աղբյուրը՝ HisWayBlog