Ժողովրդի նվիրյալ բարեխոսները
Սուրբ Գիրքը լի է սեփական ժողովրդի համար պատասխանատվության մասին ասույթներով: Սեփական ազգի ճակատագրից իրենց չէին առանձնացնում ո՛չ Մովսեսը, ո՛չ Պողոսը: Այդպիսի ընկալումը Պողոս առաքյալը համարում էր քրիստոնեական գիտակցության կարևոր բաղադրիչը:
Աստվածաշնչի համաձայն՝ երբ Աստված կամենում է օրհնել որևէ ժողովրդի, Իր առջև ուզում է կանգնած տեսնել Նրա նվիրյալ բարեխոսներին: Աստծո և Իր ժողովրդի բարեխոսի համագործակցության մի անգերազանցելի օրինակ է ներկայացված Եզեկիել 37.4-14-ում, որի շնորհիվ անապատային չորացած ոսկորներից բարձրանում է վերակենդանացած ազգի հաղթական բանակը:
Մենք նույնպես կոչված ենք ջատագովը լինելու մեր ազգի զարթոնքի ու ծաղկման՝ երևակայությանը համազոր պատկերավորմամբ օժտված մեր ոսկեղենիկ լեզվով, Հոգևոր Հայաստանի մշակութային ահռելի արժեքներով, մեր հող ու ջրին տեր կանգնելով, նրա տնտեսության շենացման համար ջանք ու եռանդ չխնայելով:
Հեղինակ՝ Սամվել Նավոյան