Անդադար աշխատելու և երբեք չհանգստանալու արդյունքում կարելի է դառնալ ամենահարուստ մարդը, բայց՝ գերեզմանոցում

Մենք ուղղակի կլանված ենք մեր ինքնասիրությամբ, աշխատանքով, ամենօրյա խնդիրներով, ապրուստի համար բավարար գումար վաստակելու ցանկությամբ, և հաճախ մոռանում ենք ամենակարևորի մասին՝ մենք այստեղ ենք սովորելու, թե ինչպես սիրել Տեր Աստծուն և մեր մերձավորներին: Եվ, իհարկե, մենք այստեղ ենք կարճ, շատ կարճ ժամանակով:

«Ուստի նայեցեք, որ զգուշությամբ վարվեք՝ ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ. գնեցեք ժամանակը, քանի որ օրերը չար են» (Եփեսացիս 5.15-16):

Աստված չի ծանրաբեռնել մարդկանց գոյատևման համար անհրաժեշտ հսկայական ծավալի գործերով, այնպես, որ նրանց այլևս ժամանակ ու եռանդ չմնա իրենց կյանքի և Արքայության որոնման համար:

Երջանկության պատրանքը՝ փողն է, հաջողությունը: Աշխարհի ողջ քարոզչությունն աշխատում է այդ ուղղությամբ. արհեստականորեն ստեղծված գնաճն ապահովում է մեր անդադար աշխատանքի տևականությունը:

Աստված չի ցանկանում, որ մենք մշտապես զբաղված լինենք մեր կենսական կարիքները հոգալով՝ ժամանակ չունենալով Իր կամ իրար հետ հաղորդակցվելու համար:

Իհարկե, Արքայության շատ գործեր և խնդիրներ անբաժանելի են առօրյա կյանքի և ընկերակցության համատեքստից, բայց, այնուամենայնիվ, մեզանից շատերն այնքան կլանված են գլուխը ջրի վրա վարժ պահելու մոլուցքով, որ մոռանում են լողալ: Աստված մեզ չի ստեղծել մշտապես զբաղված լինելու համար: Նա ստեղծել է մեզ Իր և մերձավորների համար:

Սա նշանակում է, որ մենք լիիրավ իրավունք ունենք դադարելու մտածել գոյատևման և անթիվ անելիքներով ցուցակների մասին, փոխարենը պետք է կենտրոնանալ Թագավորի և Նրա Արքայության վրա: Փնտրել Իր թագավորությունը՝ նշանակում է որոնել Նրա առաջարկած կյանքի ուղեցույցը, ուսումնասիրել Նրա ստեղծագործության ճշմարտությունն ու գեղեցկությունը, նայել Նրա դեմքին և փոխակերպվել այդ հանդիպման արդյունքում: Դրա համար է, որ մենք ստեղծվել ենք: Եվ եթե մենք դա անենք, ապա Աստված հոգ կտանի մնացյալի մասին:

Երբեմն, մեր գործերի ծանրաբեռնվածության պատճառով, մենք չենք նկատում մեզ շրջապատող գեղեցկությունը: Իսկապես, մենք բոլորս վազում ենք, վազում ենք՝ տուն-աշխատանք, տուն- աշխատանք, դժգոհում՝ ինչ-որ բաներից, և վերջում ... մենք մեռնում ենք և երբեք այլևս չենք տեսնում այն ​​գեղեցկությունը, որը շրջապատում էր մեզ և ոչ էլ հասկանում ենք, թե որն էր կյանքի իմաստը:

Կյանքի վերջում ձեզ հետ ոչինչ չեք վերցնի, ո՞ւմ համար եք խնայում և հավաքում այդ ամենը: Դուք այստեղ կուտակում եք միայն գործերի և անհանգստությունների բեռը: Նախ փնտրեք Աստծո Արքայությունը և Նրա արդարությունը, և այդ ամենը կտրվի ձեզ: Նա խոստանում է հոգ տանել մեր կյանքի բոլոր տեսակի կարիքների համար. որևէ բանի համար, մի՛ մտահոգվեք:

Եվ երբ առաքյալը մեզ ասում է. «Գնեցե՛ք ժամանակը, քանի որ օրերը չար են», - սա սովորեցնում է մեզ տարբերակել կյանքում կարևորը պակաս կարևորից:

Աղբյուրը՝ bible-facts.ru

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.