«Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մտահոգված լինի այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով»․ Քրիստոնեական հեռարձակման ցանցի նախագահ
Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մտահոգված լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, հայտարարել է Քրիստոնեական հեռարձակման ցանցի (Christian Broadcasting Network, CBN, աշխարհում խոշորագույն հեռուստառադիոհեռարձակող ընկերություններից մեկը-Tert.am) նախագահ և գլխավոր տնօրեն Գորդոն Պետերսոնը։
Համապատասխան տեսանյութը հրապարակել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջը:
Ինչպես նշել է Պետերսոնը. Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է, որը 100 տարի առաջ Թուրքերի կողմից ենթարկվել է Ցեղասպանության։
«Հակամարտության գոտում ապրող մարդիկ էթնիկ հայեր են և քրիստոնյաներ, որոնք շրջապատված են մուսուլմաններով, ուստի` սա պետք է դիտարկել նաև որպես կրոնական և էթնիկ հակամարտություն և յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մտահոգված լինի այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով»,- ասել է նա։