Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք մեր ազգին։ Այն իրական տոն է յուրաքանչյուր հայի համար, քանի որ Սահմանադրությունն այն հիմնաքարն է, որի վրա կառուցված է մեր պետությունը, երկրի հիմնական օրենքը։ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր եւ հայտարարված է ոչ աշխատանքային:

«Սահմանադրություն» տերմինը շատ հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։

Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484թ․ պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։

Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը, որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։

Սակայն ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք, մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա։

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին 1918թ․ Արևելյան Հայաստանի անկախացմամբ, սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։

Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում  Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։

1991 թ. Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։1995 թվականի այս օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ հանրապետության նախագահին վերապահված լայն լիազորություններով։

2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները:

Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաեւ 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։

Այնպես որ հարգալից լինենք մեր Սահմանադրության նկատմամբ, պահենք ու կատարենք մեր պարտականությունները և փորձենք հնարավորինս քաջատեղյակ լինել մեր իրավունքներին։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Սահմանադրության տոնի առթիվ։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.