«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր» /Առ. 3.5/։

Վստահել Աստծուն նշանակում է ունենալ հավատք, որ Նա գիտի լավագույնը քեզ համար:

Վստահել Աստծուն նշանակում է անել այնպես, ինչպես Նա է ասում, որքան էլ այն դժվար կամ անհասկանալի լինի, անել ճշտությամբ, նույնությամբ, ինչպես Նա ասաց, այլ ոչ թե ավելացնելով ու մեկնաբանելով:

Վստահել նշանակում է համբերել մինչև վերջ, որքան էլ այն ցավոտ լինի: Վստահել Աստծուն նշանակում է սպասել Նրա որոշած ժամանակին, այլ ոչ թե շտապելով փորձել օգնել Նրան, հավատալ Նրան, որքան էլ իրավիճակը հակառակը պնդի:

Վստահել Աստծուն նշանակում է կուրորեն հետևել և անմնացորդ տրվել Նրան...Նույնիսկ այն ժամանակ, երբ թվացյալ վտանգ է սպառնում մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը հակառակ են կանգնում մեզ:

Վստահելն այնքան էլ հեշտ բան չէ, բայց միակ միջոցն է այս կյանքում Աստծո հետ քայլելու համար:

«Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Առ գավազանը և ժողովքը ժողովիր, դու և քո եղբայր՝ Ահարոնը և խոսեցեք ապառաժին նրանց աչքերի առաջին, և նա կտա իր ջուրը, և դու ապառաժիցը ջուր կհանես նրանց համար և կխմեցնես ժողովքին և անասուններին: եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց, և գավազանովը երկու անգամ ապառաժին զարկեց. Եվ շատ ջուր դուրս ելավ, և ժողովքը և նրանց անասունները խմեցին: Եվ Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ. Որովհետև ինձ չհավատացիք՝ ինձ Իսրայելի որդկանց աչքերի առաջին փառավորելու, նրա համար դուք այս ժողովուրդը չեք տանիլ այն երկիրը, որ նրանց տվի» /Թվոց 20.7-12/։

Մովսեսին հրամայված էր, որ վերցնի գավազանը իր ձեռքը, բայց խոսքով հրամայի ապառաժին, որ ջուր բխի: Մովսեսը ուներ փորձառություն․ գավազանը գործածելով Աստված հարվածներ էր հասցրել եգիպտացիներին, գետերի ջրերը արյուն էին դարձել, կարմիր ծովը ճեղքել էր երկու մասի: Եվ նա մտածեց՝ նույն կերպով պետք է գործածի գավազանը, որ ժայռից ջուր կբխի: Մինչդեռ Աստված նրան պատվիրել էր պարզապես ասել ժայռին:

Երբեմն մեր իմացությունը և փորձառությունը խանգարում են մեզ վստահել Աստծուն և անել այնպես, ինչպես Նա է ասում կամ առաջնորդում:

Սիրելի՛ հոգի, համոզված եղիր՝ եթե վստահես Աստծուն, երբեք չես խոտորի քո ճանապարհներում, և Նա երբեք քեզ չի թողնի ու շարունակաբար քո կողքին կլինի:

Արտավազդ Թադևոսյան

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.