Վե՛ր կաց գերազանց ծառայության համար
Ծառայություն բառը բազմաթիվ նշանակություններ ունի: Այն ներառում է թե՛ բայի իմաստը, և թե՛ օգտագործվում է որպես գոյական: Որպես բայ՝ այն նշանակում է «վերանորոգել, ստուգել, ուղղել և քննել»: Հիսուսն Իր զոհի միջոցով մեծ «ծառայություն» մատուցեց մեզ և հնարավոր դարձրեց Սուրբ Աստծո առջև կանգնելը: Մենք մեր ապրած կյանքով պետք է արտացոլենք այս կենարար ծառայությունը. Նա վնաս կրեց, որպեսզի մենք նորոգվենք: Ծառայությունը որպես գոյական նշանակում է «արարողություն, ծես կամ խորհուրդ»: Երբեմն վախենում եմ, որ մենք մոռացել ենք, որ եկեղեցական ծառայության նպատակն է սովորել, թե ինչպես պետք է ծառայել Աստծուն և մեկս մյուսին: Շատ քրիստոնյաներ հավաքվում են սխալ ակնկալիքով. նրանք գալիս են տեսնելու, թե ինչպես է Աստված ծառայելու իրենց: Սակայն դրա փոխարեն մենք պետք է հավաքվենք նպատակով, որ հասնենք նրանց, ովքեր թուլացած են մեր եկեղեցիներում և մեր եկեղեցիներից դուրս:
Ազատության, բարեհաճության և մեր առջև բացվող նոր հնարավորությունների խոստումով եկե՛ք Աստծո գործերում առաջ շարժվենք և թույլ չտա՛նք, որ որևէ մեկը ետևում մնա: Ինձ դուր է գալիս այս հանձնարարությունը.
«Թող ամեն մարդ այսպես համարի մեզ՝ ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ և Աստծո խորհուրդների տնտեսներ: Արդ տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի» /Ա Կորնթ. 4.1-2/։
Մենք պետք է տնտեսներ լինենք, այլ ոչ թե պահակներ: Մենք պետք է ուրիշներին նույնպես հրավիրենք արքայության մեջ, այլ ոչ թե նրանց հեռու պահենք Աստծո խորհուրդից: Մեզ հանձնարարված է լինել վստահելի տնտեսներ, որոնք ճշգրիտ գիտելիքներ ունեն: Եկե՛ք օգտվենք այս հնարավորություններից, որոնք Աստված տալիս է մեզ, և եթե անհրաժեշտ է, ետ շրջվենք, որպեսզի կարողանանք ձեռք մեկնել ետևում մնացածներին:
Աստծո կյանքն ազատագրում է, իսկ օրենքը՝ բռնավորում: Դու ազատվել ես քրիստոնեության հանդեպ «աչքի դեմ աչք» և «ատամի դեմ ատամ» մոտեցումից: Սակայն այսօր չափից շատ «կույր» և «անատամ» մարդիկ կան Քրիստոսի մարմնում:
Երբեք մի մոռացիր, թե ով ես դու՝ դու ուժեղ ես, վսեմ, անվախ, վայրագ, պաշտպանողական, հանգիստ և անխռով: Աստված Իր արքայական զավակների ուժը շարունակ համեմատում էր արու և էգ առյուծների ուժի հետ:
«Առյուծի պես նստեց պառկեց, և մատակ առյուծի պես.ո՞վ կզարթնեցնի նրան...» /Թվոց 24.9/։
Եթե դու մոռանում ես քո վայրագ ու անվախ էությունը, ապա վտանգի տակ են հայտնվում բոլոր նրանք, ովքեր նայում են քեզ որպես պաշտպանողի և ուղեկցողի: Քրիստոսի մարմինը կազմված է ազնիվ և զորավոր տնտեսներից, ովքեր արթուն են և գիտակցում են, որ Աստված լայն տարածություն է բացել իրենց առջև:
Լիզա Բիվեր, «Երբ արթնանում են կին առյուծները»
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը