Դուռը շատ կարևոր բան է: Աստվածաշունչը նույնպես խոսում է դռների մասին: Ավելի քան 140 անգամ գրքում նշվում է դուռ բառը: Հաճախ մենք մեծ ուշադրություն չենք դարձնում այս խոսքին, բայց եկեք հասկանանք, թե ինչ կարող են տալ մեզ դռները և թե ինչ կա դրանց ետևում:

Նախ և առաջ, դռները մեզ պաշտպանում են արտաքին աշխարհի երևույթներից՝ ինչպես ֆիզիկական կյանքում, այնպես էլ՝ հոգևոր դաշտում: Դռները մեր կյանքում ամենուր են: Միշտ չէ, որ մեր առաջ տեսնում ենք ծանոթ դռներ: Հաճախ հանդիպում են դռներ, որ նախկինում երբեք չենք տեսել և չգիտենք՝ մյուս կողմում ինչ կա: Ահա այստեղ մեզ օգնում կամ խանգարում է դռան արտաքին տեսքը: Կանգնում ենք ընտրության առաջ և, արտաքինից դատելով, փորձում  կռահել՝ ինչ է մեզ սպասվում ներսում: Երբ ներս ես մտնում, հայտնվում ես մի իրականության մեջ, ուր երբեք չես եղել, որ երբեք չես տեսել: Ու շրջվելով՝ հաճախ հիասթափվում ես, քանի որ տեսնում ես՝ միշտ չէ, որ դռան ներսի կողմը նույնն է, ինչ դրսից էր երևում: Հիմա կամ պետք է մնաս ներսում, փորձես գոյատևել ու նոր դռներ փնտրել, կամ փնտրել բանալի՝ դուռը բացելու և դուրս գալու այդտեղից: Իսկ բանալին  որտե՞ղ է:

Բայց միշտ չէ, որ տեսնում ենք փակ դռներ: Հաճախ մեր առջև կանգնում են նաև բաց դռներ: Եվ թվում է՝ ընտրությունն ավելի ապահով կլինի: Բայց ո՞վ կիմանա՝ թէ ինչ է իրեն սպասվում  ապագայում, և ո՞ւր է տանում դիմացի բաց կամ փակ դուռը:

Աստված ուշադրություն չի դարձնում արտաքինին և միայն սրտին է նայում.

«…որովհետև Աստված մարդու նման չի նայում, քանի որ մարդն աչքին երևացածին է նայում, իսկ Տերը՝ սրտին» 1 Թագավորաց 16.7:

Նա տեսնում է ապագան այնպես, ինչպես ներկան, այնպես՝ ինչպես անցյալը: Ինչքան էլ մարդ լինի հասուն, խելացի, գիտակից կամ փորձառու, երբեք չի կարող իմանալ իր ապագան, եթե Աստված չհայտնի:

Աստված նույնպես մեր առաջ դնում է շատ դռներ. բաց դռներ՝ օրհնության համար և փակ դռներ՝ պաշտպանության համար: Բայց եկեք վերջապես խոստովանենք, որ ինքնուրույն չենք կարող ճիշտ ընտրություններ կատարել: Չերևացող բաներն ավելի իրական են, քան՝ երևացողները: Մենք երբեք չենք կարող ճիշտ դատողություններ անել և չսխալվել, եթե չխնդրենք Աստծո առաջնորդությունն ու Նրան չուղղենք մեր ողջ վստահությունը, որն էլ կլինի մեր ամենաիմաստուն քայլը:

Այս կյանքը շատ դռներ փակում, շատ դռներ էլ բացում է մեր առաջ: Բայց ամեն փակ դուռ չէ, որ չպետք է բացել և ամեն բաց դռնով չէ, որ պետք է անցնել: Կարևորն այն է, թե Աստված ինչ դռներ է բացում և փակում քո առաջ:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.