«Շատ պատերազմներ եմ մղել ես, եւ դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար յաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք յաղթեցին մեզ. բայց աւելի շատն այն է, որ յաղթող ենք դուրս եկել եւ ոչ թէ յաղթուած:

Բայց այդ բոլորը մարմնաւոր պարծանք էր, որովհետեւ անցաւոր թագաւորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր, վատանուն էր երեւում աշխարհում եւ նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջութեամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում եւ մեծամեծ պարգեւներ էր ստանում անցաւոր եւ մահկանացու թագաւորներից: Եւ մեզնից ամէն մէկս էլ ահաւասիկ շատ վէրքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրայ, եւ ուրիշ շատ քաջութիւններ էլ են եղել, որոնց համար եւ մեծամեծ պարգեւներ են ստացուել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջութիւնները եւ ոչինչ բաներ՝ այդ բազմաթիւ պարգեւները, որովհետեւ բոլորն էլ ոչնչանալու են:

Իսկ արդ՝ եթէ մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն աւելի եւս (պէտք է կատարենք) մեր Անմահ Թագաւորի համար, որ Տէրն է կենդանիների եւ մեռելների եւ բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ:  Չէ որ եթէ խիստ շատ ապրելով ծերանանք, միեւնոյն է՝ այս մարմնից պէտք է բաժանուենք, որպէսզի մտնենք կենդանի Աստծու մօտ, որից այլեւս չպէտք է բաժանուենք:

Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ. մանաւանդ որ ձեզանից շատերը քաջութեամբ ինձնից աւելի լաւ էք եւ հայրենական գահի պատուով՝ աւելի բարձր. բայց երբ ձեր յօժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ եւ զօրագլուխ, թող իմ խօսքերը ախորժալուր եւ բաղձալի թուան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմութիւնից եւ ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դէմ թիկունքներս դարձնենք, որպէսզի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տայ, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը, իսկ եթէ հասել  է ժամանակը մեր կեանքը Սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք:

Մանաւանդ ես չեմ մոռացել եւ յիշում եմ, թէ ինչպէս ես եւ ձեզանից ոմանք այն ժամանակ անօրէն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպէս մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տէրն Ինքը վկայ է մեզ, թէ ծածուկ մտադրութիւններով ինչպէս անբաժան ենք մնացել Նրանից: Այս դուք ինքներդ էլ գիտէք, որ հնարներ էինք փնտռում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղութեան մէջ էին, որպէսզի նրանց հետ միասին մարտի մէջ մտնելով՝ կռուենք անօրէն իշխանի դէմ հայրենի Աստուածատուր օրէնքների համար: Եւ երբ նրանց չկարողացանք որեւէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնաւոր սիրոյ համար Աստծուն մարդկանց հետ փոխանակենք:

Իսկ արդ՝ երկու եւ երեք կռիւների մէջ Ինքը՝ Տէրը մեծ զօրութեամբ օգնեց մեզ, այնպէս որ քաջութեան անուն ժառանգեցինք եւ արքունի զօրքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք եւ կռապաշտութեան պղծութիւնը մի քանի տեղերից սրբեցինք, թագաւորի անօրէն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովութիւնն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառուեց, գազանացած զայրոյթը դադարեց:

Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճուած՝ իր սովորական բնութիւնից էլ ցած իջաւ՝ մեզ հետ խօսելով: Նա, որ խօսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարութիւնը Սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռւում: Նա, որ կարծում էր, թէ մենք քրիստոնէութիւնն իբրեւ զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպէս մարմնի գոյնը (չի կարելի փոխել), գուցէ այլեւս չկարողանայ էլ մինչեւ վերջը: Որովհետեւ սրա հիմքերը հաստատ կերպով դրուած են անշարժ վէմի վրայ, ո՛չ թէ երկրի վրայ, այլ վերեւում՝ երկնքում, ուր ո՛չ անձրեւներ են գալիս, ո՛չ քամիներ փչում եւ ո՛չ էլ հեղեղներ յարուցանում: Եւ մենք էլ, թէպէտեւ մարմնով երկրի վրայ ենք, բայց հաւատով երկնքում ենք հաստատուած, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինուածքին:

Հաստատ մնացէք մեր անդրդուելի Զօրագլխի վրայ, որ երբեք չի մոռանայ ձեր քաջագործութիւնները: Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստուած կատարեց մեր բնութեան միջոցով, որի մէջ եւ մեծապէս երեւում է Աստծու զօրութիւնը: Որովհետեւ եթէ ուրիշներին կոտորելով Աստուածային օրէնքների համար մեզ պարծանք ժառանգեցինք եւ մեր ազգատոհմի քաջ անունը Եկեղեցուն թողինք, եւ վարձի ակնկալութիւնը Տիրոջից է, որ պահուած է մեզնից ամէն մէկի համար՝ իր սրտի յօժարութեան եւ կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն աւելի եւս, եթէ մենք մեռնենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի մեծ վկայութեան համար, որ նոյնիսկ երկնաւոր հրեշտակներն են ցանկանում, եթէ հնար լինէր: Եւ որովհետեւ այս պարգեւները ոչ թէ բոլորին է պատշաճ, այլ  ում համար պատրաստում է բարերար Տէրը, մեզ էլ այս պատահեց ո՛չ թէ մեր արդար գործերի համար, այլ աննախանձ Պարգեւատուի կողմից. ինչպէս որ ասում էլ է Սուրբ Կտակարանում. «Ուր աւելի եղաւ մեղքը, այնտեղ էլ աւելացան Աստծու շնորհները»:

Եւ խիստ յարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպէս որ մեծ չափով ամբարիշտ երեւացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կ՛երեւանք մարդկանց ու հրեշտակներին եւ ամէնքի Հօրը: Որովհետեւ չէ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափուեց Սուրբ Եկեղեցում, եւ է՛լ աւելի շատ՝ մեր սիրելիների մէջ: Մինչեւ անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ  եւ կամենում էին դառն մահով պատժել մեզ, եւ մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից: Հեռաւոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնէութեան անունը, տեղեակ չլինելով մեր մտադրութիւններին, ողբ ասելով՝ անդադար սուգ էին անում մեզ վրայ եւ անգիտութեամբ շատ անարգական բաներ էին խօսում մեր մասին: Եւ ինչ որ ամէնից մեծն է՝ կ՛ասեմ. ո՛չ միայն մարդիկ երկրի վրայ, այլեւ հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տուին մեզնից, որպէսզի տխուր դէմքերով չնայեն մեզ:

Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամէն մի կեղտ կոչուած բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրեւ մի վշտալից սգաւոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զուարթացած ու զգաստացած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետեւ բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրեւ առաջնորդ. մեր Զօրավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զօրագլուխը:

Վախը թերահաւատութեան նշան է. թերահաւատութիւնը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.