Հիսուսը եկավ՝ Աստծո սերը մեզ հայտնելու. Օգոստինոս Երանելի
Ինչո՞ւ Տերը եկավ, եթե ոչ Աստծո սերը մեզ հայտնելու և ցույց տալու այդ սիրո ողջ զորությունը:
Եվ չնայած մենք մինչև այժմ էլ հաճախ մեզ պահում ենք թշնամիների նման, միևնույնն է, Քրիստոսը մահացավ մեզ համար, քանզի գլխավոր պատվիրանը՝ սիրո պատվիրանն է, և դրանում էլ օրենքի կատարումն է:
Ուրեմն մենք էլ սիրենք մեկ մեկու, և ինչպես որ Նա դրեց իր անձը մեզ համար, այդպես էլ մենք եղբայրների համար մեր անձը դնենք:
Հարկ է, որ շտապենք մեր սիրո դրսևորմամբ պատասխանել Աստծուն Իր սիրո համար, քանզի Նա ավելի շուտ սիրեց մեզ, չխնայեց Իր միակ Որդուն և տվեց Նրան մեզ բոլորիս համար:
Ոչինչ այդքան չի տանում մեզ դեպի սերը, որքան գիտակցումն այն բանի, որ մենք արդեն սիրված ենք:
Եվ Քրիստոսը եկավ հենց դրա համար, որ մարդը հասկանա, թե որքան է Աստված սիրում իրեն, և ինքն էլ բոցավառվի Աստծո՝ այն Մեկի հանդեպ սիրով, Ում կողմից սիրված է եղել ավելի շուտ, և Նրա հրամանով և կարգադրությամբ էլ սիրի իր մերձավորին:
Ողջ Սուրբ Գիրքը, որը գրվել է վաղ դարաշրջանում, գրվել է, որպեսզի ավետի Աստծո գալուստը. ամենը, ինչ հետագայում վստահվել է գրին Աստվածաշնչում և հաստատվել Աստվածային հեղինակությամբ, պատմում է Քրիստոսի մասին և դրդում սիրո: Պարզ է, որ բոլոր օրենքը և մարգարեները հիմնվում են այս երկու պատվիրանների վրա՝ Աստծո և մերձավորի հանդեպ սիրո վրա: Հին Կտակարանում թաքնված է Նորը, իսկ Նոր Կատարանում բացահայտվում է Հին Կտակարանը:
Մարդիկ, ովքեր մարմնավոր կերպով են մտածում, ապրում են՝ ինչպես և ապրում էին նախկինում՝ պատժվելու վախի ներքո, քանզի աստվածային ուխտը գաղտնիք է մնում նրանց համար: Իսկ հոգևորապես մտածող մարդկանց համար այդ ուխտը բացահայտված է, և նրանք ազատ են իրենց շնորհված սիրով: Նրանց համար, ովքեր երկյուղով ու խոնարհաբար թակում են, բացվում է այդ գաղտնին:
Սիրուն ոչինչ այնքան հակառակ չէ, որքան նախանձը, իսկ նախանձի մայրը հպարտությունն է:
Ահա թե ինչու Տեր Հիսուս Քրիստոսը՝ Աստվածն ու Մարդը, հենց Ինքը Աստծո սիրո վկան է մեր հանդեպ և խոնարհության օրինակ մեզ համար. թող մեր հպարտությունը բժշկվի սիրո հակազդող դեղորայքով և ավելի ուժեղ խոնարհությամբ: