«Հավատով խոստովանիմ»-ը համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է (թարգմանվել է 36 լեզուներով): Գրված է արձակ, բայց հոգևոր ապրումների, հույզերի հարստությամբ և ներքին ռիթմով ազատ բանաստեղծություն է: Ստորև ներկայացվածը մի փոքրիկ հատված է.

«Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջնջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կեանքի Գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր աչքերիս` այլևս անպատկառ չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ չխոսելու,սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և ոտքերիս՝ անօրենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը` միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.