«Երբ վախենամ, Քեզ եմ վստահելու»։ Սաղմոս 56.3:

Եկել է Տիրոջը վստահելու ժամանակը։ Իրականում միշտ է Նրան վստահելու ժամանակը։ Ցավոք, մեզանից շատերը նյարդայնանում և հակված են վախի, ընկճվածության, նույնիսկ՝ խուճապի։  Սաղմոս 42-ի հեղինակը, կարծես,  նույնպես  ընկճված էր, բայց հավատքը նրան օգնության եկավ։  Նա ասաց.

«Ինչո՞ւ ես վհատված, ա՛նձ իմ և ինչո՞ւ ես իմ ներսում անհանգիստ։ Հուսա՛ Աստծուն, նորից փառաբանելու եմ Նրան՝ քանի որ Իր ներկայության մեջ փրկություն կա»։ Սաղմոս 42.5

Թվում է, թե նա տրամաբանական բացատրություն չուներ իր անհանգստության համար։ Այնուամենայնիվ, գիտեր, թե որտեղից է պետք զորություն վերցնել՝ «…նորից փառաբանելու եմ Նրան՝ քանի որ Իր ներկայության մեջ փրկություն կա»։

Սա ցույց է տալիս հիմնական դասը՝ հավատքը զգացմունք չէ։ Երբ վտանգը գալիս է, վախն անխուսափելի է։ Վախը զգացողություն է։ Երբ մեր մարմնի քիմիան առաջ է բերում վերահաս աղետի զգացողություն, երբ մենք ծանր հարվածներ ենք կրում, իսկ հանգամանքները՝ ճնշող ու մռայլ դառնում, իսկ ցավն ու հիվանդությունները համակում են մեզ, վախն ու տագնապը դառնում են բնական պատճառ և հետևանք։

Հենց այդ ժամանակ մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք որոշում ենք պայքարել վախի դեմ՝ Հիսուսին հավատալով։

Այն պահին, երբ մենք կատարում ենք այդ ընտրությունը, հավատքը բարձրանում է և մեզ ազատում վախից։ Աստծո հետ վախը մեզ չի կանգնեցնի։ Եթե մենք հավատացյալ ենք, ոչինչ չի կարող փոխել դա՝ անկախ նրանից, թե ինչ է մեզ հարվածում կամ վնասում։

Հիսուսն ասաց, որ իր հետևորդները իրենց կյանքը պետք է պատրաստ լինեն տալ Իր համար, բայց «ձեր գլխից մի մազ անգամ չի պակասի»: Ղուկաս 21.18:

Հավատքը  գործում է առանց հուզական ռեակցիաների։

Այն գաղտնի հոգևոր ուժ և խաղաղություն է տալիս, ազատում վախից։ Հավատքը ոչ միայն կիրակի օրվա կամ լավ պահերի համար է նախատեսված, այլև՝ ամբողջ կյանքի և դրան սպառնացող ցանկացած վտանգի։ Հավատքն անհրաժեշտ է ոչ միայն «լեռներ տեղափոխելու», այլև ապրելու համար։  Աստված մեզ հավատքով ապրելու շնորհ է տալիս, և մենք ընտրում ենք հավատալ, որովհետև արդարները հավատքով են ապրում։

Աղբյուրը՝ cfan.eu

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.