Վախի դեմ Հավատք
Հավատքը հերքում չէ, հավատքով դու դեմ դիմաց ես կանգնում քո խնդիրներին`ուղղվելով Աստծուն: Ամենակարևոր բանը, որը կարող ես անել հենց հիմա, այս է` վախի դեմ գործի դնել հավատք: Վախը առաջ է բերում հերքում, հապաղում և անվճռականություն:
Մի՛ սասանիր հավատքդ վախի պատճառով։ Հավատքը հնարավորություն է տալիս դեմ առ դեմ դուրս գալու քո տկարություններին, քո խնդիրներին ու հակառակորդին, իսկ հետո՝ հաղթել այդ բոլորին՝ պարզ իմանալով, որ քո Աստված ավելի մեծ է, քան որևիցե բան, որ կկանգնի քո առաջ։ Մարկոսի ավետարանում մի պատմություն կա, որտեղ խոսվում է այնպիսի իրավիճակների մասին, որոնցում մենք գտնվում ենք հիմա։ Այնտեղ մի կարևոր արտահայտություն կա, որը ուզում եմ հիշեցնել քեզ, երբ կզգաս, որ վախդ աճում է։
Ինչո՞ւ խուճապի մատնվել ոչնչի համար։ «Եվ եկավ ժողովապետի տունը ու այնտեղ տեսավ իրարանցում, լացողներ, որոնք սաստիկ լացուկոծ էին բարձրացնում: Եվ երբ ներս մտավ, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք խռովվում և ողբում։ Աղջնակը մեռած չէ, այլ քնած է» (Մարկ. 5:38-39)։ Նրանց 12-ամյա աղջնակը մահացած էր: Դա ողբերգական և անպատկերացնելի իրավիճակ էր: Ինչո՞ւ է այդ պատահել, ինչպե՞ս կարող էր պատահել այդպիսի բան:
Պատկերացնո՞ւմ եք գնալ մի վայր, որտեղ այդպիսի իրավիճակ է, և ասել, թե ինչու եք տխուր, ինչու եք մեծ բան սարքել ոչնչից: Բայց Հիսուսը գիտեր, թե իրականում ինչ էր կատարվում։ Նա գիտեր՝ առջևում ինչ է պատահելու: Նա գիտեր, որ դեռ հույս կա, հույս կար այնտեղ, որտեղ թվում էր, թե ամեն բան վերջացած է:
Նա աղջկան հասած վտանգը չէր ծածկում, ողբերգությունը լույս չէր դարձնում, չէր ցածրացնում նրանց ողբը, վիշտն ու լացը, այլ ասում էր, որ Ինքն այդտեղ է, նրանց տանն է, տեսնում է այն, ինչ նրանք չեն տեսնում, գիտի այն, ինչ նրանք չգիտեն: «Եվ երեխայի ձեռքից բռնեց ու նրան ասաց. «Տալի՛թա կումի», որ թարգմանվում է՝ «Աղջի՛կ, քեզ եմ ասում, վե՛ր կաց»։ Եվ անմիջապես աղջիկը վեր կացավ ու քայլեց, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Եվ նրանք մեծապես զարմացան» (Մարկ. 5:41-42 )։
Որպես մարդ՝ մենք ևս այս վիրուսից խուճապի մեջ կընկնենք, այո՛, սա մահացու և վտանգավոր վիրուս է, այո՛, շատ թանկ մարդիկ հեռանում են կյանքից այս հիվանդության պատճառով, ես չեմ կոծկում իրավիճակի լրջությունը, բայց մեզ չպետք է համակի վախը, խուճապը և վիշտը, քանզի դրանք չեն կարող մեզ պաշտպանել։ Մենք պետք է առերեսվենք խնդրին, բայց նայելով Աստծուն․ ահա սա է հավատքը: Աստված մեզ մի պարզ, գործնական գիտակցում տվեց, որը կարող ենք օգտագործել ամենուր, ամեն ժամանակ:
Բժիշկները, գիտնականները և փորձագետները մեզ անընդհատ տալիս են գործնական խորհուրդներ, թե ինչպես արագ հաղթահարենք կորոնավիրուսի տարածումը և հարթեցնենք կորը`այս աղետին արագ վերջ տալու համար: Լսե՛ք, իմաստո՛ւն եղեք, նախազգուշական միջոցներ կիրառե՛ք, բայց այդ ամենից առավել հիշե՛ք, թե ինչ ասաց Հիսուսը` Ես այստեղ եմ, Ես քեզ հետ եմ:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ունենք ամենաշատ բուժումները, դեղորայքը, ամենազարգացած տեխնոլոգիան և գիտությունը, քան երբևէ: Մարդիկ ապրում են ավելի երկար, քան սերունդներ առաջ, և երբ այս համաճարակին նայենք հենց պատմության ֆոնին, դրա համար երախտապարտ լինելու շատ մեծ առիթ կա։ Վստահ եմ, որ բժիշկները, քույրերը, ամբողջ բուժանձնակազմը հոգ են տանում ուրիշների մասին, շտապօգնությունը, փրկարարները, ոստիկանությունը, այն մարդիկ, որոնք այսօր առաջնագծում պայքարում են այս վարակի դեմ, որոնք հսկում են անդադար, հերթապահում, մեզ օգնում պահպանել բոլոր սահմանված կանոնները, նրանք էլ վախեցած են։
Մենք բոլորս վախեցած ենք։ Վախը բնական արձագանք է և ընդունելի զգացում, ահա թե ինչու մենք պետք է ընտրենք հավատքը: Ընտրել հավատք՝ կենտրոնանալով, ուղղվելով դեպի Աստված: Առանց հավատքի վախը վնասում է։ Միայն հավատքն է, որ այս անորոշության մեջ մեզ օգնում է առաջ շարժվել:
Ես գիտեմ, որ մեր ապագան հորիզոնում է, որ Աստված մեր կողմ է, և միասին մենք կհաղթահարենք և դուրս կգանք այս ամենից։ «Տերը օրհնի քեզ և պահի քեզ. Տերը պայծառացնի Իր երեսը քո վրա և ողորմի քեզ. Տերը բարձրացնի Իր երեսը քո վրա և խաղաղություն տա քեզ»։ (Թվոց. 6.24-26)
Հեղինակ` Ֆրանկլին Ջենտեզեն
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը