Գործենք երկնայինի համար
«Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց. Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում» (Կողոսացիս 3.23-24):
Իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ համոզված են, որ երկինք են գնալու, բայց ցավոք սխալվում են: Չնայած նրան, որ նրանք ծանր մեղքեր չեն գործում ու բարի գործեր են կատարում, այնուամենայնիվ լավ բաների հանդեպ նրանց նախանձախնդրությունը մի կողմ է մղել աստվածային գործերը:
Անձնական բիզնեսի կառուցումը, կարիերայի առաջխաղացումը, ընտանեկան ապրուստի հոգսը, կարող են քեզ հետ պահել հոգևոր կյանքի գանձերը փնտրելուց: Հիսուսն ասաց. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթեոս 6.33): Սա առաջարկ չէ, այլ՝ պատվիրան: Հիսուսն ասում էր. «Եթե նախ փնտրես Տիրոջը, Նա հոգ կտանի այն ամենի մասին, որոնք քեզ մտահոգում են: Բայց դու Նրան պետք է տաս քո հիմնական ուշադրությունը»:
Պողոս առաքյալն գրում է. «Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ»(Կողոսացիս 3.2–3): Կրկին անգամ սա ոչ թե առաջարկ է, այլ՝ պատվիրան: Իմաստը հետևյալն է. «Ձեր ուշադրությունը կամ հետաքրքրությունները ուղղեք երկնային բաների վրա»:
Աստված չի պահանջում, որ մենք վաճառենք մեր ունեցվածքը, թողնենք մեր աշխատանքը և դառնանք վանականներ: Բայց Նա իսկապես պահանջում է, որ մենք գտնենք ժամանակ՝ Նրա Խոսքի և Նրա հետ աղոթքի մեջ անցկացնելու համար: Նա նաև ասում է, որ մենք պետք է միաբանվենք հավատակիցների հետ. «Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10.24-25):
Ի՞նչն է առաջնահերթ քո կյանքում: Ո՞րն է առաջնայինը քո կյանքում՝ անձնական ջանքե՞րը, հաճույքնե՞րը, թե՞ Տերը: Սա անձնական ընտրություն է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք Սուրբ Գրքի նախազգուշացումներին, որպեսզի չլինենք այնքան զբաղված, որ անտեսենք ամենակարևորը՝ ժամանակը, Նրա ներկայությամբ։ Փնտրե՛նք Նրա երեսը և զորանանք Նրա մեջ:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org