Նա գլուխն ափերի մեջ առած` լուռ աղոթում էր… Չէր էլ նկատել, թե ինչպես աղոթքի ընթացքում սկսեցին ինչ-որ հիշողություններ արթնանալ… Աչքի առաջով անցնում էին վերջին տարիների իր կյանքի դրվագները: Հիշում էր, թե ինչպես էին եղբոր հետ ժամերով նայում ծովի ալիքներին,  ինչպես էին ամեն երեկո վիճում, թե ով է ավելի շատ ձուկ բռնել: Հետո հիշեց Ուսուցչին, հիշեց, թե ոնց էին ժամերով նստում նրա շուրջ ու լսում զանազան առակների մեկնություններ, խրատներ: Նա աչքերը փակ ժպտում էր. զգաց, որ կարոտել է Ուսուցչին, նրա բարի հայացքը: Հետո հիշեց վերջին գիշերը, խարույկը, աքլորի կանչը, իր… ուրացումը…

Գիտեր, որ Ուսուցիչը ներել է իրեն, բայց, այնուամենայնիվ, զղջման, ափսոսանքի մի քանի կաթիլ գլորվեցին աչքերից:  «Ների՛ր ինձ, Տե՛ր», – լուռ մրմնջացին շուրթերը: Ու դարձյալ ընկղմվեց աղոթքի մեջ, որ արդեն շարունակվում էր ժամեր շարունակ:

Այդ օրը մի յուրատեսակ օր էր: Բոլորը միաբան էին, բոլորն աղոթում էին: Զգաց, որ սիրտը փոքր-ինչ անհանգիստ է. կարծես ինչ-որ սպասողական վիճակ լիներ…

«Բայց դուք մնացեք Երուսաղեմում, մինչև վերից զորություն կառնեք», – հիշեց Ուսուցչի պատվերն ու հենց այդ պահին հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը դիպավ իր գլխին: Անակնկալի եկած՝ բացեց աչքերն ու թեքվեց՝ տեսնելու թե ով էր: Թեքվեց ու մի պահ քարացավ…

Այն, ինչ տեսավ, դժվար էր մարդկային բառերով նկարագրել: Երկինքը լցված էր ողջ վերնատնով մեկ: Տեսավ, թե ինչպես էին ինչ-որ կրակե լեզուներ իջնում ներկաների վրա՝ կարծես յուրաքանչյուրը հենց իր հասցեատերն ուներ: Երկրագնդի այդ փոքրիկ սենյակը, որ վախվորած, բայց աղոթող մարդկանց ապաստարանն էր, ընդունել էր երկնքի մի կտորն ու թվում է՝ ուր որ է կպայթեր գերբնական զորությունից: Սուրբ Հոգին իջնում էր՝ այլևս բնակվելու մարդկանց մեջ:

Չէր էլ հասցրել ըմբռնել տեսածը, երբ զգաց, որ ինչ-որ բան է կատարվում իր հետ: Մի աննկարագրելի ջերմություն զգաց, սիրտը սկսեց արագ բաբախել, սաստիկ քամու ձայն էր լսում: Կարծես ինչ-որ մեկը վերցրեց իրեն ու տեղափոխեց մեկ ուրիշ վայր, մեկ ուրիշ մոլորակ:  Մեկ ակնթարթում նրա աչքերում ամեն բան փոխվեց. բոլորին այլ կերպ էր նայում ընկերներին, շրջապատին… Այնպիսի զգացողություն էր, որ դարձյալ Ուսուցչին էր հանդիպել: Ինքն էլ չհասկացավ՝ ինչու, բայց սկսեց արտասվել: Արցունքները հեղեղի պես թափվում էին աչքերից:

«Շնորհակա՜լ եմ, Տե՛ր, որ մեզ մենակ չթողեցիր», – ասաց ու նայեց դրսում հավաքված ամբոխին: Հասկացավ, որ այդ մարդիկ իր Ուսուցչի կարիքն ունեն: Նայեց նրանց, վճռականորեն վեր կացավ ու գնաց դեպի ամբոխը: Գնաց՝ պատմելու իր Ուսուցչի, Նրա սիրո ու զոհի մասին, Նրա խոստումի ու պարգևների մասին, գնաց, որ բոլորին հայտնի, որ Ուսուցիչը դարձյալ իրենց հետ է…

Արմեն Նիազյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.