Նույնիսկ փոքրիկ բաները...
Մի անգամ մթերային խանութում գնումներ կատարելիս բախվեցի այն մտածողությամբ մարդկանց տեսակետին, որ գնումներ են կատարում առանց զամբյուղի՝ ձեռքերում հավաքելով իրերը: Մինչ ես զննում էի խնձորները, նկատեցի մի մարդու, ով իր ձեռքում ուներ երկու լիտրանոց շշերով գազավորված ըմպելիքներ: Երբ նա անցնում էր իմ կողքով, այդ մեծ շշերից մեկը ընկավ նրա ձեռքից և հարվածեց սալիկապատ հատակին: Հարվածի ազդեցության ուղղությունը, ցավոք սրտի, ինձ վրա էր: Կափարիչը դուրս թռավ և Coca-Cola-ի հզոր ցնցուղը ծածկեց ինձ և իմ զամբյուղը: Այդ մարդը նայեց ինձ, թոթվեց ուսերը և ասաց.
– Դե հա, ո՞վ կմտածեր, որ այսպիսի բան կպատահի:
Ասաց և հեռացավ: Ոչ մի ներողություն, նույնիսկ թղթե սրբիչ չառաջարկեց: Տուն վերադառնալուն պես ոչ միայն ես լոգանք ընդունեցի, այլ նաև զամբյուղիս մեջ եղած մթերքները: Լավ, խոստովանում եմ, որ շատ անգամներ ես նույնպես հրաժարվել եմ զամբյուղից, քանի որ ինձ անհրաժեշտ է եղել միայն մի երկու բան: Եվ երբ այդ ընթացքում ես արագորեն անցել եմ միջանցքներով, վերցնելով ինձ անհրաժեշտ կաթը, բանանը և հացը, այլևս ուշադրություն չեմ դարձրել այլ մթերքների, որոնց կարիքը ես իսկապես ունեմ: Երբ քո ձեռքերը արդեն ամբողջապես զբաղված են, այլևս ուշադրություն չես դարձնում շուրջդ եղած մթերքներին և մոտենում ես դրամարկղին:
Ցավոք սրտի, ես նույն կերպով եմ վարվում նաև իմ կյանքում եղած փոքր խնդիրների և սթրեսների նկատմամբ: Երբ միայն մեկ կամ երկու փոքրիկ բան է առաջ գալիս, ես դրանք չեմ բերում Աստծո առջև, դե իհարկե ես այս մեկը կարող եմ ձեռքումս պահել, և այն մյուսը՝ նույնպես: Եվ նախքան ամեն ինչ գիտակցելը՝ ծանրաբեռնվում եմ մի շարք բաներով, որոնք չեմ կարող միայնակ պահել ձեռքերումս:
Դու էլ ինձ պես կարող ես շատ անգամ տեսնել, որ ավելի դժվար է հաղթահարել փոքր բաները, քան մեծ փորձությունները: Ես ինձ վստահում էի ավելի շատ և ավելի քիչ՝ Աստծուն: Իմ մեղավոր անկախությամբ և գոռոզությամբ կարծում էի, որ ինքս կարող եմ անել դա: Ես իսկապես չեմ ցանկանում անհանգստացնել Աստծուն այս մեկ բանի համար։ Բայց երբ ես ձախողվում եմ, միանգամից ամեն բան տալիս եմ Աստծուն, կարևոր չէ, թե որքան աննշան է թվում խնդիրը․ փոքր բաները հակված են մեծ խառնաշփոթություն առաջացնելու: Հոգնե՞լ եք միայնակ կրել կյանքի բոլոր խնդիրների ծանրությունը․
Հիսուսը հորդորում է մեզ բոլոր բեռները տանել Իր մոտ. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգստություն կտամ: Իմ լուծը ձեր վրա վերցրեք և ինձնից սովորեցեք, որ Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մաթ.11:28-30):
Դավիթը՝ հովիվ տղան և Իսրայելի մեծ թագավորը, գիտեր մեծ բեռի կրողին. «Հոգսդ գցիր Տիրոջ վրա, և Նա քեզ նեցուկ կլինի. Նա երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղ. 55:22):
Այս մասին ասաց նաև Պետրոսը. «Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է» (Ա Պետ. 5:7): Մի՛ սպասեք, որ ամբողջապես ծածկվեք խնդիրներով և միայն դրանից հետո գնաք Հիսուսի մոտ: Բերե՛ք նրա մոտ առաջին մեկը և ապա՝ ամեն մեկը:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը