Աստված բնակվում է քո մեջ
«Թող Քրիստոսը հավատով բնակվի ձեր սրտերում» /Եփեսացիներին 3.17/:
Երկար տարիներ ես հավատում էի Հիսուս Քրիստոսին որպես իմ Փրկչի, բայց չէի վայելում Աստծո հետ սերտ հաղորդակցությունը։ Ես զգում էի, որ միշտ հասնում եմ Նրան և թերանում իմ նպատակի մեջ: Մի օր, երբ ես կանգնած էի հայելու առաջ և սանրում էի մազերս, ես Նրան մի պարզ հարց տվեցի. «Աստվա’ծ, ինչո՞ւ եմ ես անընդհատ զգում, որ ձգվում եմ դեպի Քեզ և քիչ ջանք եմ գործադրում Քեզ գտնելու համար»:
Անմիջապես հոգուս ներսում լսեցի այս խոսքերը. «Աստծո Խոսքն ասում է, որ Նա բնակվում է մեր մեջ, բայց շատերի համար դժվար է հասկանալ այդ ճշմարտությունը»: Ինձ համար նույնպես դժվար էր հասկանալ դա երկար ժամանակ:
Հիշում եմ՝ մի օր, երբ գլուխս կախ շրջում էի տանս շուրջ, փնթփնթում էի ու բողոքում, ասում. «Աստվա’ծ, ես այնքան եմ հոգնել իմ բոլոր դժվարություններից, ե՞րբ ես ինչ-որ բան անելու, ես ե՞րբ եմ ճեղքում գտնելու այս դժվարություններից»:
Հենց այդ ժամանակ Աստված հիշեցրեց ինձ, որ Նա բնակվում է իմ ներսում, և միայն այդ փաստը ինձ պետք է ուրախացնի:
Եթե դու վերստին ես ծնվել, ապա Հիսուսը քո մեջ է բնակվում Սուրբ Հոգու զորությամբ: Բայց արդյո՞ք Աստված բնակվում է քո մեջ լիովին և արդյո՞ք Նա իրեն զգում է, ինչպես տանը, քո ներսում: Ինձնից երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ Աստված ապրում է իմ մեջ բոլոր այլ բաների հետ, որոնք տեղի են ունենում իմ ներաշխարհում: Քանի որ շատ քրիստոնյաներ չեն ցանկանում ենթարկվել Սուրբ Հոգու ներքին հուշումներին, նրանք լի չեն խաղաղությամբ: Նրանց ներաշխարհում մշտապես խառնաշփոթ է: Եթե մենք ուզում ենք, որ Տերը բնակվի մեր ներսում, եկեք սովորենք ապրել խաղաղության և ուրախության մեջ՝ վստահելով Նրան, որ Նա հոգ կտանի մեր մասին:
Արդյո՞ք Աստված բնակվում է քո մեջ: Եթե ցանկանում ես, որ Տերը լիարժեք բնակվի քո մեջ, բա՛ց թող այն ամենը, ինչ դու հավատում ես, որ Նրան տհաճություն է պատճառում, և փոխարենը լցրու ինքդ քեզ երախտագիտությամբ, ուրախությամբ ու խաղաղությամբ և պարզապես վստահի՛ր Նրան:
Օրվա աղոթք. «Հա՛յր, ցույց տուր ինձ բոլոր ուղիները, որոնցով ես քեզ տրտմեցնում եմ և ինչպես ազատվել այդ ամենից: Հիսուսի անունով, ամեն»։
Աղբյուրը՝ joycemeyer.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը