Շատ քրիստոնյաներ են հոգևորապես տկարանում, բայց ի՞նչ է կատարվում, երբ մարդը կորցնում է իր հավատքը: Նա հավիտյան կորսվո՞ւմ է:

Պատասխանն այսպիսին է. մարդը չի կարող կորցնել այն, ինչ ինքը ձեռք չի բերել, և դա հենց հավիտենական կյանքն է Հիսուս Քրիստոսում: Նա միայն ընտրում է նրանց, ում հավանում է (Հովհ. 6.37-44, Հռոմ. 8.35-39, Եփես. 1): Նա է մեր հավատքի Հեղինակը, Նա է նաև դրա ավարտողը (Եբր. 12.2), Նա ավարտում է այն, ինչ սկսում է (Հուդա 1.24): Շատ հաճախ են մարդիկ ասում. «Ես կորցրել եմ հավատքս» կամ «Ես ինձ դատապարտված եմ զգում», բայց իրականում պատճառն այն է, որ մարդիկ առաջնահերթությունը տալիս են ավելի շատ իրենց զգացմունքներին, քան՝ Աստծո Խոսքի ճշմարտություններին (Հովհ. 10.28-29): Զգացմունքները շատ անվստահելի են, բայց Աստծո Խոսքը նպատակային է․ դրա համար քո զգացմունքները երբեք վեր մի՛ դասիր աստվածային ճշմարտություններից: Զգացմունքները մարդկային հասկացողության ամենամակերեսային մասն են, բայց Աստծո Խոսքը ամենախորը ճշմարտությունն է:

Եթե զգում ես, որ Աստված քեզնից հեռու է, այսպես մտածիր՝ որտե՞ղ կորցրիր Նրան, արդյոք Աստված քեզ թողե՞ց, թե՞ դու հեռացար Նրանից: Շատ հաճախ Աստծո լռությունը մենք համարում ենք պատիժ, բայց դա արդար չէ Աստծո հանդեպ: Աստված գործում է այնտեղ, ուր աչքերը չեն տեսնում կամ ականջները՝ լսում: Մենք պետք է ապրենք հավատքով, այլ ոչ թե նշաններով: Հավատքը նման է մկանի․ մենք պետք է աշխատենք դրա վրա, այլապես կկորցնենք այն: Երբ ամեն բան լավ է ընթանում, պատճառ չկա հավատքը աճեցնելու: Դա գալիս է միայն այն ժամանակ,  երբ Աստված թույլ է տալիս դժվարություններ: Չփորձված հավատքը անվստահելի հավատք է: Աստված երբեք ու երբեք մեզ չի լքի (Եբր. 13.5), անգամ, երբ մենք լքենք Նրան: Նա հավատարիմ է, անգամ երբ մենք հավատարիմ չենք:

Երբ քեզ թվում է, թե կորցրել ես հավատքդ, գնա՛ և արա՛ միակ բանը, որ կարող ես անել՝ վազի՛ր դեպի Աստծո Խոսքը: Հիշի՛ր Նրա մեծ ու սուրբ խոստումները (Բ Պետր. 1.4): Նա կառաջնորդի քեզ արքայություն տանող ողջ ճանապարհին: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, իր ժամանակին կհասցնի ավարտին մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպ. 1.6):

Այնպես որ մոռացի՛ր, թե ինչ ես զգում: Հավատա՛, թե ինչ է Աստված քեզ խոստացել:

Մենք պետք է վստահենք Աստծուն մեր կյանքի ճգնաժամային պահերին: Աստված երբեք չի հրաժարվի մեզնից անգամ, երբ մենք հրաժարվենք Նրանից ինչ-որ մի պահ: Աստված երբեք չի լքի մեզ կամ հեռանա մեզնից, անգամ երբ մենք թողնենք ու հեռանանք Նրանից ինչ-որ մի պահ: Նա երբեք չի լքի իր սեփական երեխաներին, ովքեր վստահել են Հիսուս Քրիստոսին: Իսկ եթե դեռ չես վստահում Հիսուս Քրիստոսին, դա վատ է: Նշանակում է՝ դու կհանդիպես Աստծո դատաստանին մահից հետո (Եբր. 9.27) կամ Քրիստոսի հայտնվելու ժամանակ (Հայտն. 20.12-15)՝ կախված, թե որն ավելի շուտ կպատահի: Դրա համար հավատքդ դի՛ր Քրիստոսի վրա, քանի դեռ այսօր է կոչվում (Բ Կորնթ. 6.2):

Աղբյուրը՝ https://www.whatchristianswanttoknow.com/ive-lost-my-faith-what-can-i-do/

Թարգմանեց  Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.