Հարց՝ Ի՞նչ է նշանակում «Աստված սեր է»:

Պատասխան՝

Եկե՛ք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը բնութագրում սերը, իսկ հետո կհասկանանք, թե ինչպես է Աստված հանդիսանում սիրո էությունը։

«Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանում․․․» (Ա Կորնթացիս 13․4-8ա

Սա Աստծո կողմից տրված սիրո բնութագիրն է, և քանի որ Աստված սեր է (Ա Հովհաննես 4․8), Նա հենց բնույթով նման է վերը բերված նկարագրին։ Սերը ոչ ոքի չի ստիպում իրեն ընդունել։ Նրա մոտ եկողներն անում են դա որպես արձագանք Նրա սիրուն։ Աստված բոլորի հանդեպ բարի է։ Սերը կարող է առանց որևէ աչառության բոլորին բարիք անել։ Սերը երբեք չի նախանձում մյուսների ունեցվածքին, ապրում է համեստ կյանք՝ առանց որևէ տրտունջի։ Հիսուսը չէր պարծենում, թե Ո՞վ է Ինքը մարմնով եկած, թեև ավելի զորեղ էր, քան՝ ցանկացած այլ մարդ։ «Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ» (Հովհաննես 14․31)։ Աստծո սիրո մեծագույն դրսևորումը նկարագրվում է Հովհաննես 3․16 խոսքում․

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Հռոմեացիս 5․8 նույն ուղերձն է փոխանցում․ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Այս հատվածներից կարող ենք տեսնել, որ Աստծո մեծագույն փափագը նրանում է, որ մենք Նրա հետ լինենք մեր հավիտենական տան մեջ՝ Երկնքում։ Աստված դա հնարավոր դարձրեց՝ վճարելով մեր մեղքերի գինը։ Նա սիրում է մեզ, և դա Նրա կամքի որոշումն է։ Սերը ներում է, «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․9)։

Այսպիսով, ի՞նչ է նշանակում՝ Աստված սեր է։ Սերն Աստծո հատկանիշներից մեկն է։ Սերն Աստծո բնույթի, Նրա Անձի հիմնական էությունն է։ Աստծո սերը ոչ մի հակասություն չունի Նրա սրբության, արդարության, արդարադատության և անգամ բարկության հետ։ Աստծո բոլոր հատկանիշները կատարյալ ներդաշնակության մեջ են իրար հետ։ Աստծո բոլոր գործերը բխում են սիրուց ճիշտ այնպես, ինչպես Նրա բոլոր գործերն արդար են ու ճշմարիտ։ Աստված իրական սիրո կատարյալ օրինակն է։ Զարմանահրաշ կերպով Աստված բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իր Որդուն որպես իրենց կյանքի անձնական Փրկիչ, Սուրբ Հոգու զորության շնորհիվ փոխանցում է Իր նման սիրելու ունակությունը(Հովհաննես 1․12, Ա Հովհաննես 3․1,23-24)։

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Աղբյուրը՝ gotquestions

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.