Վկայություններ՝ կատարված Տալլինի «Օլևիստե» եկեղեցում
Երբ առաջին անգամ հանդիպեցի Հելիո Լիյուին, նա 75 տարեկան էր: Մեր հանդիպման ժամանակ այդ կինն այնքան փխրուն էր երևում, որ ինձ թվաց՝ նա 75-ից ավելի մեծ է:
Սակայն, միևնույն ժամանակ, Հելիոյի մեջ արտացոլվում էր Քրիստոսը. նրա աչքերը կալծկլտում էին, իսկ ժպիտն ուղղակի վարակիչ էր:
Արթնության ժամանակահատվածում, սակայն, նրա մոտ արգանդի քաղցկեղ էին հայտնաբերել: 40-ամյա ծաղկուն կնոջ համար «քաղցկեղ» ախտորոշումը պետք է որ տառապանքներով լի մի բան եղած լիներ: Մի մոռացեք, որ դեպքը տեղի էր ունեցել 1970-ականներին, ոչ թե այսօր:
Քաղցկեղային ուռուցքների հետազոտությունները, առավել ևս Խորհրդային Միությունում, համեմատվել անգամ չեն կարող այսօրվա նվաճումների հետ: Խորհրդային Միությունը մի քանի տարի հետ էր մնում արևմտյան մակարդակից: Որպես կանոն, քաղցկեղ ախտորոշումն այդ ժամանակաշրջանում հավասարազոր էր մահվան դատավճռի:
Հելիոն «Օլևիստե» եկեղեցում մի քանի անգամ եղել էր, սակայն այդ անգամ նա դուրս էր եկել աղոթքի խնդրանքով՝ բժշկվելու քաղցկեղից: Եղբայրներն աղոթել էին, և Հելիոն ակնթարթորեն կատարելապես ապաքինվել էր: Հետագայում նրան հետազոտող բժիշկներն ապշել էին, որ քաղցկեղի ոչ մի ախտանիշ չէր հայտնաբերվել, և նրան հարյուր տոկոսանոց առողջացման եզրակացություն էին տվել:
Հելիոն ինձ պատմեց նաև այն մասին, թե ուրիշ ինչ էր տեղի ունեցել «Օլևիստե»-ի պատերից դուրս: Բժշկվելու արդյունքում նրա աղջիկներն ընդունել էին Տիրոջը՝ ներում և փրկություն ստանալու համար: Նրա ապաշխարությունը ավելի քան 30 տարի առաջ էր տեղի ունեցել, սակայն իր հիշողությունները պատմելիս՝ նա զգալիորեն ազդվում էր:
Մի ագամ էլ «Օլևիստե»-ում, երբ Յանիս Օզալինկևիչը Ալեքսանդր Պոպովի հետ միասին աղոթում էին մարդկանց համար, մի տղամարդ մոտեցավ նրանց աղոթքի խնդրանքով: Մինչև աղոթելը կամ անգամ խոսելը, Ալեքսանդրը նայեց նրան ու ասաց. «Դու գող ես»: Յանիսն ապշեց Ալեքսանդրի համարձակությունից: Հետո Ալեքսանդրը սկսեց թվարկել այն իրերը, որոնք այդ տղամարդը գողացել էր, դրանցից որոշները բավականին հստակ մանրամասներով: Այդ մարդը խոստովանեց, որ դա իրոք այդպես է, և որ Ալեքսանդրը ճիշտ է ասում, թե հատկապես ինչ է նա գողացել: «Իսկ հիմա ես ի՞նչ անեմ»,- հարցրեց նա: Նրանք պատասխանեցին, որ նա պետք է ապաշխարի ու դադարի գողություն անելուց:
Տիրոջ կատարած հրաշքներից մեկն էլ «Օլևիստե»-ում ինձ համար շատ հիշարժան է՝ կապված մի տղամարդու հետ, որի կինը հիվանդության պատճառով դարձել էր անաշխատունակ: Այդ կինն այնքան թույլ էր, որ չէր կարողանում քայլել: Քանի որ ամուսինն աժդահա էր, իսկ կինը՝ փոքրամարմին, նա կնոջը ծածկոցի մեջ դրած շալակած էր տանում: Թվում էր՝ այդ տկար կնոջը տեղափոխելու համար դա ամենահարմար միջոցն էր: Ռուսաստանի ինչ-որ վայրից նրանք գնացք էին նստել՝ Տալլին մեկնելու համար այն հույսով, որ նա այնտեղ կբժշկվի: Ցավոք, երբ եղբայրները նրա համար աղոթեցին, ոչ մի բան տեղի չունեցավ:
Մյուս օրն այդ զույգը (ամուսինը նախկինի պես շալակած էր նրան ծածկոցի մեջ) վհատված գնացք են նստում՝ տուն վերադառնալու համար: Ճանապարհին նրանց հետ գնացողները տեսնում էին այդ կնոջ վիճակը: Նրանք գիտեին, որ նրա վիճակը լավ չէ:
Այդ պատճառով, երբ կինը հանկարծ լիովին բժշկված ոտքի է կանգնում, ներկաները ցանկանում են ավելին իմանալ այն եկեղեցու մասին, ուր նրանք այցելել էին: Տպավորությունն այնպիսին էր, որ Աստված սպասում էր, որ նրան բժշկեր գնացքում եղած անհավատ վկաների աչքերի առջև:
Թոմ Կռոյտերի «Տալլինյան արթնությունը» գրքից