Մի հետաքրքիր պատմություն եմ հիշում. 18 տարեկանում ցանկանում էի գտնել մի հոգևոր գիրք, որի մասին շատ էի լսել և ցանկանում էի ունենալ, սակայն ոչ մի տեղ չէի կարողանում գտնել։ Ես ամենուրեք փնտրում էի և հարցնում բոլորին, բայց այդ տարիներին նմանատիպ գրքերն, ըստ երևույթին, շատ չէին։

Մի անգամ Ռուսաստանից մեկնել էի Կրիվոյ Ռոգ և զարմիկիս տանը՝ գրադարակի վրա, տեսա այդ գիրքը։ Ես պատրաստ էի գնել այն՝ բացատրելով, որ գիրքը կարդալու ներքին կարիք եմ զգում, բայց եղբայրս ասաց, որ գրքից էլի ունի և երկու օրինակ տվեց ինձ։ Ես հրաժարվեցի վերցնել և բացատրեցի, որ ինձ ընդամենը մեկն Է պետք, բայց նա շատ  պնդեց, և ես երկուսն էլ վերցրի։

Վերադառնալիս նստեցի Կրիվոյ Ռոգ-Մոսկվա գնացքը և սկսեցի կարդալ գիրքը։ Հակառակ կողմում նստած կինը մի փոքր թեքվեց, որպեսզի կարդա գրքի անունը։ Հանկարծ կինը ծայրահեղ զարմացավ, շփոթվեց և արագ դուրս եկավ խցիկից։ Մյուս ուղևորները, կատարվածից զարմանալով, սկսեցին ուշադրությամբ ուսումնասիրել իմ գիրքը։

Որոշ ժամանակ անցավ, բայց կինը ետ չվերադարձավ, և ես գնացի նրան փնտրելու ու նկատեցի, որ կանգնած լաց էր լինում։ Ես մոտեցա նրան և հարցրեցի, թե ի՞նչ է պատահել։ Նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դուք ով եք։ Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, բայց իրավիճակը հետևյալն է՝ երկու տարի առաջ մի մարդ ինձ Ավետարան տվեց։ Երկու տարի շարունակ ես ամեն օր կարդում էի, և դրա հետ մեկտեղ ցանկանում էի ունենալ նաև այդ գիրքը, որ տեսա Ձեր ձեռքին։ Այդ գիրքը Դերեկ Պրինսի «Քրիստոնեական վարդապետության հիմքեր» գիրքն էր: Ամեն օր այդ նույն աղոթքն էր։ Երեկ ես ուշացա գնացքից և շատ հիասթափվեցի։ Դրա պատճառով ստիպված եղա փոխել տոմսը։ Եվ հիմա այստեղ եմ։ Խնդրում եմ, թո՛ւյլ տվեք մինչ Մոսկվա հասնելը կարդալ ձեր գիրքը»։

Ես գիրքը նվիրեցի կնոջը և պատմեցի այս պատմության իմ հատվածը. «Նա, ով նվիրել  է ինձ այս գիրքը, առանց պատճառն իմանալու, պնդեց, որ ես երկուսը վերցնեմ»։ Երբ այս ամենն իրար ենք միացնում, հասկանում ենք, որ Բարձրյալ Աստված, իմանալով բոլոր նրբություններն ու մանրամասները, միջամտում է մարդկանց գործերին։ Եվ սկսում ենք վստահել, հանգստանալ։ Երբեմն իրավիճակը մեզ այնպես է ճնշում, որ թվում է, թե Աստված մեզ չի լսում։ Այդպես հաճախ է լինում, բայց դա ճիշտ չէ։

Մենք սովորաբար տարբեր իրավիճակներից ելքեր ենք փնտրում սեփական ծրագրերով։ Եվ երբ խնդիրը մեր ծրագրի համաձայն չի լուծվում, մեզ թվում է, թե Աստված չի լսում։ Բայց Աստծո ծրագրերը միշտ զարմանալի են։ Միշտ հիշե՛ք, որ Աստված միջամտում է մարդկանց գործերին։ Նա լսում է, փնտրում և վերջում՝ իր խոսքն ասում։

Աղբյուրը՝ ashevchenko.org

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.