Սովորել ներել
Ներել նշանակում է կիսվել նույն պարգևով, որը Հիսուսը տվել է մեզ՝ անկախ վիրավորանքից: «Ուստի որպես Աստծո ընտրյալներ, սուրբ և սիրելի, ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերատարությունը, իրար հանդուրժելով և իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ներեցեք միմյանց, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց։ Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է» /Կողոսացիների3․12-14/։
Մենք հաճախ ենք փորձում արդարացնել զայրացած, չներող սիրտը` մտածելով․«Դե՛, Տերը գիտի, թե այդ մարդն ինչ արեց ինձ հետ: Այսպիսով, Նա հասկանում է, թե ինչ եմ ես զգում»: Անշո՛ւշտ, Հիսուսը, ով լիովին Աստված է և լիովին մարդ, գիտի մարդկային զգացմունքները ներսից և դրսից: Իրականում Նա Ինքը դավաճանություն և լքվածություն է ապրել, ուստի, ճիշտ է, որ Նա հասկանում է մեր ցավը:
Այնուամենայնիվ, Նա հավանություն չի տալիս չներող վերաբերմունքին։ Փրկչի միջոցով մենք տեսնում ենք, թե ինչպես է Աստված վերաբերվում ներմանը, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է ամենաստոր վիրավորանքներին: Եվ մտածե՛ք հետևյալի մասին.
Մենք նրանք ենք, ովքեր շարունակ դավաճանում են Նրան: Ինչպե՞ս: Մենք մերժել ենք Նրա արժանի տեղը մեր կյանքում, կասկածել ենք Նրա Խոսքին և անտեսել Նրա ցուցումները: Լինում են դեպքեր, երբ մենք ուղղակի դուրս ենք մղում Նրան մեր ամենօրյա գործունեությունից և որոշումներից, որպեսզի կարողանանք ավելի շատ զբաղվել մեր ցանկություններով։
Ավելին, մենք մեղանչել ենք ինչպես Նրա, այնպես էլ այլ մարդկանց դեմ: Իսկ ինչպիսի՞ն է Հիսուսի տրամադրվածությունը մեր հանդեպ․ «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթեոս 11.28):
Հիմա իսկապես հավատո՞ւմ եք, որ Նա կարդարացնի մեր չներելը: Ո՛չ, Նա ցանկանում է, որ մենք փոխարենը նայենք խաչին: Այնտեղ մենք կբացահայտենք այն գինը, որը վճարվել է մեր իսկ ներման համար: Ինչպես ներվել է մեզ, այնպես էլ մենք հիմա պետք է ներող լինենք (Կող. 3․13):
Աղբյուրը` www.intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը