Հայաստանում վերականգնվել է Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավը
«Քրիստոս իր աշակերտներով» կտավին դժվար ճակատագիր էր բաժին հասել: 1958թ-ին այն Էրմիտաժից փոխանցվել էր Դիլիջանի նորաստեղծ թանգարանին՝ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով: Թանգարանի նախկին հին շենքից 90-ականներին գողացվել, նույն թվականին գտնվել էր, բայց լրջորեն վնասված: Հետագա տարիներին պահվել էր թանգարանի պահոցում, չէր վերականգնվել, ժամանակն էլ իր քայքայիչ գործն էր արել:
Վերջնական կորստից փրկել է Արևիկ և Արշալույս Թահմիզյան քույրերի նախաձեռնությունը: Նրանց բարերարությամբ և ազգային պատկերասրահի մասնագիտական թիմի ջանքերով կտավը երկրորդ կյանք է ստացել:
Վրձնի մեծ վարպետի Աստվածաշնչյան շարքի այդ կտավի մասին իմանալով՝ չէր հապաղել Արևիկ Թահմիզյանը․ ««Քրիստոս իր աշակերտներով» կտավն իմ ամենասիրելի դրվագներից մեկն է Նոր Կտակարանում, որտեղ Քրիստոսը քնած է նավի մեջ, այսինքն՝ կատարյալ մարդ և կատարյալ Աստված»:
Սրահը, որտեղ հիմա Հովհաննես Այվազովսկու երկու կտավներն են, անվանակոչվեց նրա անունով: Այստեղ ցուցադրված են նաև մի քանի հայ անվանի գեղանկարիչների գործեր: