Նշանավոր մարդիկ Աստծո և հավատքի մասին
Ֆեոդոր Դոստոևսկի (գրող)
Ժամանակակից մարդու ամենալուրջ խնդիրները բխում են այն փաստից, որ նա կորցրել է Աստծո հետ իմաստալից համագործակցության իմաստը՝ մարդկության հետ կապված իր մտադրության մեջ։
Տե՛ր, ի՞նչ գիրք է այդ Սուրբ Գիրքը, ի՜նչ հրաշք, ի՜նչ զորություն է տալիս մարդուն... Եվ ինչքան գաղտնիքներ են նրանում լուծված ու բացահայտված։ Սիրում եմ այս գիրքը։ Առանց Աստծո խոսքի ժողովուրդը կկործանվի, որովհետև հոգին ծարավ է Նրա խոսքին և ամենայն գեղեցիկի ընկալմանը։
Օնորե դը Բալզակ (գրող)
Կասկածել Աստծուն, նշանակում է հավատալ Նրան։
Գալիլեո Գալիլեյ (գիտնական)
Բնության արարչագործության մեջ Աստված իրեն հայտնում է արժանի հիացմունքի ոչ պակաս կերպով, քան՝ Սուրբ Գրքի աստվածային խոսքում։
Ժան-Ժակ Ռուսո (փիլիսոփա, գիտնական)
Խոստովանում եմ, որ Սուրբ Գրքի մեծությունն ինձ զարմացնում է, և Ավետարանի սրբությունը՝ խոսում իմ սրտի հետ։ Փիլիսոփայական գրերն իրենց ողջ փայլով այնքան չնչին են Սուրբ Գրքի համեմատ։ Հնարավո՞ր է արդյոք, որ մեկ այլ գիրք՝ գրված մարդու ձեռքով, այսքան կարճ ժամանակում մեծարվեր։
Կարո՞ղ էր Նա, ում մասին պատմում է Սուրբ գիրքը, հասարակ մարդ լինել։ Ի՜նչ սքանչություն, մաքրություն կա Նրա էության մեջ։ Որքա՜ն գրավիչ բարություն կա Նրա ուսմունքի մեջ։ Ի՜նչ բարձր են Նրա օրենքները։ Ինչքա՜ն խորիմաստ են նրա խոսքերը։ Ինչպիսի՜ Սուրբ Հոգու ներկայություն, խորաթափանցություն և հավատարմություն կա Նրա պատասխաններում։ Որտե՞ղ կգտնվի մի իմաստուն մարդ, ով կկարողանա այդպես գործել, տառապել և մահանալ՝ առանց թուլություն և սնափառություն դրսևորելու։ Այո, եթե Սոկրատեսը ապրեց և մահացավ որպես փիլիսոփա, ապա Հիսուսը ապրեց և մահացավ որպես Աստված։
Յուջին Օ'Նիլ (դրամատուրգ)
Երբ մարդիկ իրենց համար աստվածներ են ստեղծում, զրկվում են Աստծուց։
Յոհան Գյոթե (գրող)
Թող զարգանա գիտական մշակույթը, թող բնական գիտությունը բարձրանա և խորանա, թող մարդկային հոգին կատարելագործվի՝ որքան ուզում է, բայց այն չի գերազանցի քրիստոնեության վեհությանն բարոյական մշակույթին, քանի որ այն լուսավորում ու փայլում է Ավետարաններում։
Բլեզ Պասկալ (մաթեմատիկոս, ֆիզիկոս)
Առանց Քրիստոսի մարդը մատնված է արատների ու աղետների, խավարի, մոլորությունների, հիասթափության ու մահվան։ Հետևելով Քրիստոսի ուսմունքին՝ մարդիկ կարող են ազատագրվել այդ ամենից։
Առանց Քրիստոսի վարդապետության, մարդիկ իրար կհոշոտեին, աշխարհը կվերածվեր դժոխքի և կայլասերվեր։
Թեոդոր Ռուզվելտ (ԱՄՆ նախագահ)
Գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր ունեցել են արդյունավետ գործունեություն, իրենց կյանքի ճանապարհը ստեղծել են մեծամասամբ Աստվածաշնչի ուսմունքի հիման վրա։
Ալեքսանդր Պուշկին (բանաստեղծ)
Կարծում եմ, որ մենք երբեք ժողովրդին Սուրբ Գրքից ավելի լավ բան չենք կարող տալ... Նրանում է գտնվում մարդկության ողջ կյանքը։ Կրոնն է ստեղծել արվեստը, գրականությունը և բոլոր մեծ արժեքները։ Առանց կրոնի չէին լինի ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ պոեզիան, ո՛չ բարոյականությունը։ Անգլիացիները ճիշտ են անում, որ Աստվածաշունչը երեխաներին են տալիս։ Իմ երեխաները, ինձ հետ միասին, կարդալու են Աստվածաշունչը։ Աստվածաշունչը համընդհանուր է։ Աշխարհի միակ գիրքը, որի մեջ ամեն ինչ կա։
Բենջամին Ֆրանկլին (ամերիկացի քաղաքական գործիչ)
Աթեիստը դժբախտ երեխա է, ով ապարդյուն փորձում է ինքն իրեն համոզել, որ հայր չունի։
Միխայիլ Լոմոնոսով (գիտնական)
Բնությունն ինչ-որ առումով ավետարան է, որ ավետում է Աստծո հզոր արարող ուժը, իմաստությունն ու մեծությունը։ Ոչ միայն երկինքը, այլ նաև երկրի ընդերքն է վկայում Աստծո փառքը։
Աղբյուրը՝ 5sfer.com
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը