Մոնթե Մելքոնյան. Հայաստանի և Արցախի ազգային հերոսը
Շատերն են դեռ դպրոցական նստարանից երազում հերոս դառնալ, սակայն դա ինչ-որ մի մասնագիտություն չէ, որի մասին երազես, հետո նպատակ դարձնես, կոնկրետ քայլեր անես ու… դառնաս… Իրականում հերոս են դառնում՝ այդ մասին անգամ չմտածելով:
Հերոս են դառնում նրանք, ովքեր կոչումների ու մեծարանքների ծանր բեռի փոխարեն իրենց ուսերին գերադասում են կրել պայքարի, անձնվիրության ու հավատարմության երկնային կոչումը:
Այդպիսին էր Մոնթեն, այդպիսին էր ոչ թե հերոսության, այլ հայրենիքի ազատության, ամրության ու բարգավաճման մասին երազող քաջազնունին, ով իր հետևից թողեց անբեկուն հաղթանակի հավատացող ու ձգտող անկոտրում հոգու փայլուն օրինակ:
Ովքե՞ր են իրական հերոսները, նրանք, որոնց թե՛ ապրած կյանքը, թե մահը զորություն ունեն սովորեցնելու և կրթելու սերունդներ: Նա թողեց բնույթով եզակի այդ հարուստ ժառանգությունը. նա շարունակում է կրթել ու դաստիարակել իր օրինակով:
Արժե այսօր կարդալ ու վերհիշել այն համոզմունքները, որոնցով ապրում ու հաջողում էր մեր ազգային հերոսը.
– Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է:
– Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով:
– Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է:
– Ապացուցված է, որ գրագիտությունն ավելացնում է հրացանի օգտագործման ճշգրտությունը:
– Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են:
– Առանց հստակ նպատակի և քաղաքական գծի հնարավոր չէ մշակել իրապաշտ ռազմավարություն, իսկ առանց ռազմավարության ցանկացած նպատակ անհասկանալի է:
– Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:
Հ.Գ. Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն, ծնվել է այսօր՝ նոյեմբերի 25-ին...
Գոհար Ավագյան