Հիսուսը երկրի վրա հաճախակի էր խոսում Իր մահվան ու հարության մասին, սակայն անգամ ամենամտերիմ մարդիկ անտարբեր էին այդ խոսքերի նկատմամբ: Փարիսեցիներն ու օրենսգետները քարոզում եին, որ գալու է Մեսիան, նրանք խոսում էին պատվիրանների մասին, առաջնորդում մարդկանց։ Սակայն երբ Հիսուսը եկավ, մարդիկ չկարողացան ճանաչել Նրան․ նրանք չհասկացան, որ հենց Ինքն է սպասված Մեսիան:

Իմ և քո կյանքի մեջ Հիսուսը պիտի ապրի որպես հարուցյալ Քրիստոս: Միայն այդ դեպքում մենք կարող ենք մտածել վերինների մասին, միայն այդ դեպքում Քրիստոսի խոսքերը, պատվիրանները, ուսուցումները մեզ համար նշանակություն կունենան:

Աստված ուզում է, որ հարուցյալ Հիսուսը միշտ իր գործնական ծառայությունն իրականացնի, սակայն մենք ինքներս պետք է թույլ տանք Նրան գործել:

«Ես եմ հարությունը և կյանքը, նա, որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի» /Հովհ. 11.25/։

Այո՛, մարդը պետք է մեռնի, որպեսզի կարողանա Քրիստոսով ապրել: Այս խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական մահվանը, այլ այն պահին, երբ մարդն ապաշխարում է, երբ նրա կյանքում մեռնում է ամեն հինը և հարություն է առնում Քրիստոսը:

«Վկայությունն այս է, Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը Նրա Որդու մեջ է» /Ա Հովհ. 5.11/։

Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, որ մեզ հագցնի արդարության հանդերձները, Նա եկել է, որ Իր մարմինը՝ եկեղեցին, հավիտենական կյանք ունենա: Անիմաստ են կրոնական ու ծիսական սովորություններն առանց Քրիստոսի կենդանի ներկայության: Անկախ մեր ֆիզիկական կառուցվածքից, մեր արտաքին գեղեցկությունից, մեր խելքի ու գիտական աստիճանից՝ որևէ բան մեզ երկինք տանել չի կարող: Այլ երկինքը բացվում է մեր առաջ Հիսուս Քրիստոսին հավատալով և ընդունելով մեր կյանքի մեջ:

Որտեղ կա Քրիստոսի լույսը, այնտեղ ուրախություն, ժպիտ ու փայլ կա: Եթե քո մեջ կա Քրիստոսի կյանքը, եթե քո մեջ հարություն է առել Քրիստոսը, ուրեմն՝ դու լուսավորված մեկն ես, դու արդեն սուրբ ես Տիրոջ աչքերում:

Մնա՛ Քրիստոսի մեջ, և թող Հիսուս Քրիստոսն էլ միշտ կենդանի լինի քո մեջ: Ունենալով Քրիստոսին՝ դու կյանքը կունենաս և համարձակ կարող ես դեմ կանգնել ու ասել՝ «Ո՞ւր է, ո՛վ մահ, քո հաղթությունը»:

Նոդար Թադևոսյան

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.