Հինգ բան, որ սովորեցնում է Մարիամը՝ որպես մայր
Այն օրվանից, երբ երեխան ծնվում է, կինը չի դադարում մայր լինելուց: Երեխան միշտ մոր սրտում ու մտքում է: Ես շատ եմ քաջալերվում Մարիամի օրինակով:
Մայր լինելը սարսափեցնող է, բայց Մարիամն ինձ սովորեցում է երեխաներին հանձնել Աստծո պահպանությանը:
Ծննդաբերությունը յուրաքանչյուր կնոջ համար է սարսափելի, բայց Մարիամի համար դա նաև կյանքի և մահվան հարց էր: Ղուկասն Ավետարանում պատմում է հրեշտակի և Մարիամի հանդիպման մասին, թե ինչպես պետք է Մարիամը Սուրբ Հոգուց հղիանար և Որդի ծներ՝ կույս լինելով հանդերձ: Մարիամը շատ լավ էր գիտակցում իրավիճակը, բայց գնաց սիրելիին, իր անունն ու պատիվը և անգամ կյանքը կորցնելու վտանգին ընդառաջ՝ հնազանդվելով Աստծո կամքին: Նա հավատում էր, որ Աստված Հայր կլինի իր Որդուն: Ես շատ եմ ոգեշնչվում՝ տեսնելով, թե նա ինչպես էր վստահում Աստծուն և հնազանդվում Նրա կատարյալ ծրագրին:
Մարիամը մայրությունը միայնակ չդիմավորեց, և դու նույնպես ստիպված չես միայնակ դիմավորել:
Հրեշտակը Մարիամին հանդիպելիս նրան պատմեց նաև Եղիսաբեթի հղիության մասին և Մարիամը որոշեց այցելել իր զարմուհուն: Մարիամն այդ ժամանակ չգիտեր, թե ապագայում իր հետ ինչ կկատարվի, արդյոք Հովսեփը կամուսնանա՞ իր հետ կամ գուցե որոշեն նրան քարկոծել: Բայց Եղիսաբեթի հետ անցկացրած երեք ամիսները քաջալերեցին Մարիամին ու նրան կենտրոնացրին Աստծո խոստման վրա:
Մարիամը ցանկանում էր պաշտպանել իր որդուն: Մենք պետք է թույլ տանք մեր երեխաներին գնալ և աճել:
Հիսուսի մանկությունից մեզ մի փոքր դրվագ է հայտնի, երբ Հիսուսի ծնողները կորցնում են Նրան ճամփորդության ընթացքում: Նրանք անհանգստացած փնտրում էին որդուն, իրենց շատ վատ էին զգում: Հիսուսի խոսքերը չհանգստացրին նրանց, բայց Մարիամը մտապահում էր Հիսուսի խոսքերն ու շարունակում վստահել Աստծուն, որ Նա կկատարի Իր ծրագիրը Նրա կյանքում:
Մարիամը ցանկանում էր, որ Հիսուսն իր կյանքն ապրի նրա պատկերացրած ձևով: Ծնողների գործը երեխաներին օգնելն է, որ նրանք Աստծո ծրագիրը բացահայտեն իրենց կյանքում և այդպես ապրեն:
Մարիամն ուզում էր օգնել Հիսուսին սկսելու իր ծառայությունը Կանայի հարսանիքին: Նա նաև ցանկանում էր, որ Հիսուսը հրաշքներ գործի, որովհետև գուցե մարդիկ նրան մեղադրում էին անօրիանական երեխա բերելու մեջ: Հովհաննու 8.41-ում հրեաները պատասխանում են Հիսուսին՝ ասելով. «Մենք պոռնկությունից չենք ծնվել: Մեկ հայր ունենք, այսինքն՝ Աստված…»: Այստեղ բնագրում «մենք» բառի վրա շեշտադրություն կա, որը նշանակում է՝ «մենք պոռնկությունից ծնված չենք, ինչպես դու»:
Վստահաբար Մարիամը ցանկանում էր օգնել Հիսուսին: Նա ուզում էր ցույց տալ Հիսուսի զորությունը և մաքրել իր անունը: Բայց նրա մայրական պաշտպանողական բնությունը կարող էր խանգարել Հիսուսի գործին: Աստծո ծրագիրն այլ էր: Հիսուսը գործում և խոսում էր անսպասելին: Նա ոչ ավանդական Մեսսիան էր:
Մարիամը ստիպված եղավ նայելու, թե ինչպես է տառապում իր որդին: Մենք պետք է թույլ տանք, որ մեր երեխաները տառապեն իրենց լավի համար:
Հիսուսի կյանքի ճանապարհը Նրան արյունոտ խաչին էր տանում: Մարիամը գիտեր Հիսուսի կոչումի մասին: Նա հիշում էր Գաբրիելի խոսքերը, աստղը, իմաստունների նվերները, Սիմեոնի ու Աննայի մարգարեությունը: Մարիամը սարասափած նայում էր երկրի և երկնքի միջև գտնվող խաչյալ Հիսուսին: Թեև նա հիշում էր Հիսուսի առաքելությունը, բայց վստահ եմ՝ նա հույս ուներ, որ Նա այլ ճանապարհով կփրկեր մարդկությանը: Հիսուսի տառապանքը նաև նրա տառապանքն էր: Ոչ մի մայր չի ցանկանում տեսնել իր զավակի տառապանքը: Բայց Հիսուսի տառապանքը փրկություն բերեց ողջ մարդկությանը: Տառապանքը մեր երեխաների կյանքում բնավորություն է ստեղծում: Մարիամը շարունակում է ինձ համար մնալ համբերատար և աղոթող մոր մեծ օրինակ: Հույս ունեմ, որ ես էլ իմ զավակներին կսիրեմ այնպես, ինչպես նա սիրեց իր որդուն, և դա էլ ուրիշերի համար օրինակ կծառայի:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ crosswalk.com