«Կորստից առաջ գնում է գոռոզությունը, և կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին»։ Առակաց 16․18

Գոռոզություն, հպարտություն, ամբարտավանություն, մեծամտություն։ Աստծո Խոսքն ասում է, որ հենց այս չարիքն է մարդուն տանում կորստի և կործանման։ Հենց գոռոզությունն ու ամբարտավան հոգին է, որ թույլ չի տալիս մարդուն ընդունել, որ վերևում Աստված կա, Ում առաջ հաշվետու ենք մեր ապրած կյանքի, արարքների և ընտրած ճանապարհների համար։ Հենց սրա պատճառով է, որ մարդը չի ընդունում, որ ինքը կարող է սխալ եղած լինել, որ ինքը փոխվելու կարիք ունի, որ օրենքին ու կարգուկանոնին ենթարկվելը իր համար է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր իրեն կշտկեն կամ խորհուրդ կտան։ Հպարտ սիրտ ունեցողը մտածում է' ինքը բացառիկ է, իրեն թույլատրելի է, ինքը կարող է, ինքը միշտ ճիշտ է։ Ամբարտավանությունը մերժում է ամեն հեղինակություն։

Եդեմում Ադամի և Եվայի առաջին մեղքը ոչ թե անհնազանդությունն էր, այլ' հպարտությունը։ Երբ հպարտությունը սողոսկեց նրանց սրտի մեջ, նրանք կարծեցին, թե մի աստված էլ իրենք են և կարող են չհնազանդվել Աստծո պատվիրանին։ Հպարտությունը ծնում է անհնազանդություն։ Հետևանքը կորուստն է։

«Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առաջ, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են»։ Առակաց 16․25

Ո՞րն է դեղամիջոցը. պատասխանը գտնում ենք նույն Աստծո Խոսքում։

«Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը»։ Առակաց 18․12

Եթե հպարտությունը կուրացնում է, ապա խոնարհությունը բացում է մեր աչքերը ինքներս մեզ վրա։ Խոնարհություն հագնելով՝ սկսում ենք քննել մեր անձերը, մեր վիճակը, ապաշխարել մեր մեղքերից ու սխալներից, վերանայել մեր արժեքները, ճանապարհները, գործերը։ Խոնարհության հետ գալիս է իմաստություն, հաջողություն և, ինչպես Սուրբ Գիրքն է պնդում' փառք։ Խոնարհության շնորհիվ այլևս չենք վարվում նախկինի պես, այլ հետևություններ ենք անում, շտկում ենք մեր ընթացքը և հասնում բարձունքի։ Ամենակարևորը, հպարտներին Աստված հակառակ է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։

Ընտրությունը մերն է՝ կորո՞ւստ, թե՞ հաջողություն։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.