Ով ինչով հարուստ է... Առակ խնձորների մասին
Մի մարդ մեծ և գեղեցիկ, պտղատու այգով տուն գնեց։ Կողքին՝ փոքրիկ հին տան մեջ, ապրում էր մի նախանձ մարդ, ով անընդհատ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը. կա՛մ աղբ էր թափում դարպասի մոտ, կա՛մ մեկ ուրիշ վատ բան էր մտածում։
Մի անգամ մարդն արթնացավ լավ տրամադրությամբ, դուրս եկավ և դռան մոտ տեսավ աղբով լի դույլ։ Նա վերցրեց դույլը, դատարկեց, փայլելու աստիճան մաքրեց, լցրեց ամենամեծ, ամենագեղեցիկ, ամենահամեղ խնձորներով և գնաց հարևանի մոտ։
Հարևանը, լսելով դռան թակոցը, չարախինդ մտածեց, որ վերջապես հունից հանել է նրան։ Նա բացեց դուռը՝ վիճաբանելու հույսով, բայց դռան առջև կանգնած մարդը մեկնեց խնձորներով լի դույլը և ասաց.
-Ով ինչով հարուստ է, դրանով էլ կիսվում է:
Աղբյուրը՝ bible-facts.ru
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը