Մի օր սատանան համաշխարհային համաժողով է հրավիրում և բացման խոսքով դիմում իր դևերին.

– Մենք չենք կարող քրիստոնյաներին հետ պահել  եկեղեցու հավաքույթներին մասնակցելուց: Չենք կարող նրանց հետ պահել Աստվածաշունչ կարդալուց և ճշմարտությունն իմանալուց:

Բայց կարող ենք այնպես անել, որ նրանք մտերիմ, հարատև հաղորդակցություն չունենան Քրիստոսի հետ:

Սա մեզ համար ամենակարևորն է, որովհետև եթե նրանք մշտական հաղորդակցության մեջ լինեն Քրիստոսի հետ, մենք այլևս նրանց վրա իշխանություն չենք ունենա: Այդ պատճառով, առաջարկում եմ նրանց ուշադրությունը շեղել երկնային բաներից:

– Բայց ինչպե՞ս կարող ենք անել այդ,- բացականչեց դևերից մեկը:

– Նրանց զբաղեցրեք ոչ կարևոր բաներով: Նրանց միտքը զբաղեցնելու համար հնարեք անթիվ, անհամար ծրագրեր: Ստիպեք նրանց, որ աշխատեն շաբաթը յոթ օր, օրական 10-12 ժամ՝ իրենց համար շքեղ կենսապայմաններ ստեղծելու համար:

Այնպես արեք, որ իրենց երեխաների հետ ժամանակ չանցկացնեն: Թող ձայնասկավառակները, տեսաերիզներն ու համակարգչային խաղերը զբաղեցնեն նրանց երեխաներին: Այս ռազմավարությամբ կկարողանանք քանդել ընտանիքները: Զբաղեցրեք նրանց զվարճություններով, որպեսզի չկարողանան լսել մեր ամենամեծ թշնամու՝ Սուրբ Հոգու ձայնը:

Նրանց մղեք նայելու այնպիսի հաղորդումներ, կարդալու այնպիսի գրքեր, դիտելու այնպիսի ֆիլմեր և լսելու այնպիսի երգեր, որոնք նրանց մտքերը կլցնեն մեր փիլիսոփայությամբ: Նրանք դյուրահավատ են այսպիսի ռազմավարության հանդեպ, քանի որ «այդ ամենի մեջ վատ բան չկա»:

Օրական 24 ժամ նրանց մտքերը ողողեք բազում բազմաթիվ նորություններով: Այդպիսով, իմ խավար բարեկամներ, մենք կգրավենք նրանց մտքերը և նրանց  հետ կպահենք Քրիստոսի հետ հաղորդակցվելուց: Եկեղեցական գրաֆիկը լցրեք տարբեր ժամանցային ծրագրերով:

Այնպես  ուժասպառ արեք նրանց, որ չկարողանան լրջորեն սերտել Սուրբ Գիրքը և աղոթել: Այնպես արեք, որ քրիստոնեական հյուրընկալության համար ժամանակ չունենան: Այնպես արեք, որ ժամանակ չունենան կորսվածներին փրկության բերելու: Մեր ծրագրի շնորհիվ նրանք կմոռանան, որ կորսվածները կորսված են:

Մղեք նրանց գնալու զվարճանքի վայրեր՝ համերգներ, կինո, թատրոն՝ ժողովների փոխարեն, ու ծանրաբեռնեք նրանց այս աշխարհի հոգսերով: Եվ երբ նրանք կհանդիպեն իրար, հոգևոր հաղորդակցության փոխարեն մղեք նրանց բամբասանքի… Եվ մի մոռացեք նրանց կյանքը լցնել «լավ» իրադարձություններով: Կրկին ու կրկին մեր ռազմավարության նպատակն այն է, որ քրիստոնյաներն իրենց հոգին սնելու ժամանակ չունենան:

Սրանով նրանք այլևս ի զորու չեն լինի հաղթելու փորձություններն ու վատ սովորույթները: Այդպիսով նրանք գնալով ավելի ու ավելի քիչ կզանազանեն ճիշտը սխալից, չարը՝ բարուց: Նրանք նույնիսկ չեն կասկածի մեզ:

Եվ դևերը հոժարությամբ անցան իրենց գործին:

Ի՞նչ եք կարծում, հաջողություն ունեցա՞վ այդ համաժողովը: Այո′: Պարզապես անկեղծորեն պատասխանեք այս հարցին. ճանաչո՞ւմ եք խիստ զբաղված ու ուժասպառ մի քրիստոնյայի, ով այս ու այն կողմ է վազում իր հոգսերը հոգալու համար, բայց Քրիստոսի ոտքերի մոտ նստելու ժամանակ չունի, ով շատ արագ կորցնում է իր խաղաղությունը, սերը, սրբությունը, ներողամտությունը, ով հավիտենական բաների և ուրիշների (նույնիսկ սեփական երեխաների) հոգիների շահելու համար ժամանակ չունի միայն այն պատճառով, որ շատ է զբաղված աշխարհի հոգսերով… Մտածի՛ր այս ամենի մասին…

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.