Սպասել խոստմանը, բայց ինչպե՞ս
«Եվ Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով, և Աստծուն փառք տվավ: Եվ իր մտքումը համոզված էր,թե Նա, որ խոստացավ, կարող է և անել...» /Հռոմ. 4.20-21/։
Իզուր չէ, որ Աստծո խոսքը Աբրահամին հավատքի հայր է անվանում: Ինչպես Աստված Աբրահամին խոստում տվեց, այսօր այդպես էլ բազում խոստումներ ունի տրված մեզ: Սակայն հարց է, թե ինչպե՞ս ենք մենք արձագանքում այդ խոստումներին:
1.Աբրահամը Աստծո խոստմունքի համար չերկմտեց...Ինչպիսի՞ կարգավիճակում է քո սիրտը Աստծո խոստումներին սպասելու ժամանակ, արդյոք այնտեղ տիրո՞ւմ է կասկածը և երկմտանքը, թե՞ այն վստահում է Տիրոջ խոստումներին:
2.Նա երկմտանքի փոխարեն ընտրեց ...հավատքով զորանալը: Ո՞րն է քո ընտրությունը: Յուրաքանչյուրս ամեն ժամանակ կարիք ունենք հավատքով զորանալու, որովհետև այնքան տկար է մարդկային էությունը, որ անգամ հավատալ միայնակ չենք կարողանում: Մենք կարիք ունենք զորության աղբյուրի՝ Սուրբ Հոգով լեցվելու:
3.Շատ կարևոր է, որ զորանալու հետ մեկտեղ կարողանանք տեղ չտալ տրտունջին, որովհետև հենց դա է, որ բերում է պարտություն: Եթե տրտնջում ես և չես կարողանում համբերել ու սպասել Տիրոջը, նշանակում է ՝ չես վստահում Նրան: Աբրահամը կարողացավ անգամ երկար տարիներ սպասել իր խոստմունքի կատարմանը և ողջ ընթացքում Աստծուն փառք տվավ...
4.Եվ վերջին բանը, որ շատ կարևոր է, մեր վստահությունն է՝ ուղղված Աստծուն: Ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակ մենք պետք է կարողանանք վստահել մեր Տիրոջը: Աստված ուզում է տեսնել մեր մեջ այդ վստահությունը, մեր խաղաղությունը, հենց այդ ժամանակ է, որ Աստված սկսում է գործել: Եվ իր մտքումը համոզված էր...
Երբ գալիս ես Աստծո առջև, սպասում ես Նրա խոստումների իրականացմանը, արի՛ այնպիսի սրտով, ինչպիսին Աբրահամինն էր:
Քրիստինե Աթոյան