Աֆղան քրիստոնյա. «Մենք չենք լքելու այս վայրը. մենք կմնանք և առավել համառությամբ կշարունակենք կատարել Աստծո գործը»
Աֆղանստանում թալիբների գրավումից հետո տարածվել է մի տեսանյութ, որտեղ անհայտ աֆղան քրիստոնյան՝ արցունքներն աչքերին խոսում է քրիստոնյաների անելիքների մասին.
«Ողջույն, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հուսով եմ, որ լավ եք և առողջ: Այսօր Աֆղանստանում թալիբների կառավարման առաջին օրն է: Չգիտեմ, թե ինչպիսին կլինի այս երկրի ապագան: Մենք ի վիճակի չենք զսպել մեր զգացմունքները, քանի որ քսան տարի ջանք ու եռանդ չխնայելով՝ աշխատել ենք ու պայքարել: Վերջին քսան տարիների մեր բոլոր գործերը մեկ գիշերվա ընթացքում ջուրն ընկան: Միայն Աստված կարող է հասկանալ, թե որքան ցավ ունենք և որքան կոտրված են մեր սրտերը: Մենք լաց չենք լինում վախից, այլ որովհետև մեր սրտերը ցավում են մեր գեղեցիկ երկրի համար: Այժմ այն ավերվել է այս վայրենի և ծայրահեղական խմբավորման կողմից: Մեր ազգի մեջ սերմանված ամեն մի արժեքավոր բան այժմ քանդված է: Ամբողջ աշխարհը լքեց մեզ: Նրանք, ովքեր ասում էին, որ կաջակցեն մեզ, կրկին լքեցին մեզ: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու մեզ հետ: Արդյո՞ք մենք պետք է ապրենք թալիբների կառավարության ներքո:
Ընկերնե՛ր, մենք այս տեսանյութը ձայնագրում ենք որպես վկայություն: Մենք ցանկանում ենք, որ այն մնա պատմության մեջ: Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերներն ու սիրելիները մեզ հիշեն, որ այսօր մենք միայնակ ենք մնացել այստեղ: Բայց մենք չենք լքելու մեր երկիրը, մենք պայքարելու ենք և շարունակելու Աստծո գործը: Եթե մենք այլևս ձեզ հետ չլինենք, հիշե՛ք այս ամենը մեր ԱՆԿՈՏՐՈՒՄ սրտերից: Բայց խնդրում եմ՝ հիշեք մեզ ձեր աղոթքներում, այն մեծ դժվարությունները, որոնց միջով մենք այժմ անցնում ենք: Եթե մեզանից որևէ մեկը ողջ մնա, եթե մեր երեխաները ողջ մնան, ես մի խնդրանք ունեմ. խնդրում եմ նրանց չթողնել: Խնդրում եմ հոգ տանել նրանց մասին: Խնդրում ենք մի՛ լքեք նրանց: Կներեք, որ հուզվեցի և լալիս եմ: Իմ սիրտը ցավում է։ Սա ուղարկեք ձեր բոլոր քրիստոնյա ընկերներին՝ որպես հիշատակ: Հուսով եմ, որ այս տեսաուղերձը անխափան կերպով՝ Երկնային Հոր հովանու ներքո, ձեզ է հասնում: Շնորհակալություն»։
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ christiannews.net