Որպես նոր մարդ
Դուք շատ լավ գիտեք այս պատմությունը: Երիտասարդը վերցրեց իր հոր ժառանգության իրեն հասանելիք բաժինը և վատնեց այն: Նա ավարտեց իր այդ անժուժկալ կյանքը կոտրված, կործանված առողջությամբ ու հոգով: Երբ նա իր կյանքի ամենածանր կետում էր, որոշեց վերադառնալ հոր մոտ: Սուրբ Գիրքը մեզ ասում է. «Եւ վերկացաւ եկաւ իր հօր մօտ, Եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսաւ նորան եւ գութը շարժեց. Եւ վազեց՝ նորա վզովն ընկաւ, եւ համբուրեց նորան»(Ղուկաս 15.20):
Տեսե՛ք, որ ոչինչ չխանգարեց հորը, որպեսզի նա ների իր որդուն: Այս տղայից ոչինչ չպահանջվեց անել, նա նույնիսկ չխոստովանեց իր մեղքերը, քանի որ հայրն արդեն պատրաստել էր հաշտեցման համար անհրաժեշտ պայմանները: Հայրը վազեց որդու մոտ և գրկեց նրան, հենց որ տեսավ նրան ճանապարհի եզրին:
Ներողամտությունը սիրող հոր համար երբեք էլ խնդիր չէ: Նմանապես մեր երկնային Հոր հետ երբեք խնդիր չէ, երբ Նա տեսնում է զղջացող զավակին:
Սակայն ներումն այս առակի հիմնական խնդիրը չէ: Փաստորեն, Հիսուսը այս առակով նկատի ունի, որ անառակ որդուն միայն ներելը բավարար չէ: Վերականգնման կարիք նա ևս ունի: Հայրը չի գրկել իր որդուն միայն ներման համար, իսկ հետո նրան այլ ուղով ճանապարհելու համար: Ո՛չ, այդ հայրը փափագում էր իր երեխայի հետ սեփական ընկերակցությանը և հաղորդակցությանը: Չնայած որ անառակ որդուն ներվեց, նա դեռևս բնակություն չէր հաստատել իր հոր տանը: Միայն այդ դեպքում հայրը կհաճենար իր որդու քայլից, և նրա ուրախությունը հաստատվեց, երբ որդին ընդունեց նրա ընկերակցությունը: Դա է առակի ողջ իմաստը:
Այստեղ է, որ պատմությունը շատ հետաքրքիր է դառնում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է հայրը արձագանքում իր որդուն: Նա չի հանդիմանում նրան և ոչ մի խոսքով: Նա բացարձակ չի անդրադառնում անառակ որդու ապստամբությանը, հիմարությանը, ցոփ ու շվայտ կյանքին և հոգևոր սնանկությանը:
Հոր աչքերում հին տղան մահացած էր: Նրա հին որդին ամբողջովին դուրս էր իր մտքից: Տուն վերադարձած այս որդին այլևս նոր մարդ էր, և նրա անցյալն էլ հետաքրքիր չէր: Հայրն ասում է. «Ինձ համար դու երբեք էլ չես գնացել: Հիմա քայլի՛ր ինձ հետ որպես նոր մարդ»:
Սա այն նույն հրավերն է, որը մեզ տալիս է մեր երկնային Հայրը: Մեղքի խնդիրը լուծված է: Մենք հրավիրված ենք համարձակությամբ գալ Նրա ներկայության մեջ և մասնակից դառնալ Նրա ողորմածությանն ու շնորհքին:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org