Ի՞նչ է նշանակում վերինները մտածել երկրային բաների փոխարեն
Եթե դու վերստին ծնված և փրկված Հիսուս Քրիստոսով, ուրեմն քո միտքը Քրիստոսի վրա չպահելու պատճառ չունես: Հիսուսը մեր խաղաղությունն է, և երբ մեր միտքը պահում ենք Նրա վրա, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ մենք Նրա մեջ ենք:
Մեր մտքերը, փափագները և, նույնիսկ, սեփական կյանքի վրա կենտրոնանալը գրեթե միշտ կարող են մեզ շեղել: Այդ շեղման արդյունքում հնարավոր է մեր աչքերը հեռացնենք Աստծուց և սևեռենք մեր անձի վրա:
«Եթե Քրիստոսի հետ հարություն եք առել, ուրեմն վերին բաները փնտրեցեք, որտեղ Քրիստոսն է նստած՝ Աստծո աջ կողմում: Վերի՛ն բաների վրա մտածեցեք, և ո՛չ թե այն, որ երկրի վրա է: Որովհետև դուք մեռաք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ: Եթե Քրիստոսը, որ մեր կյանքն է, հայտնվի, այն ժամանակ դուք էլ Նրա հետ փառքով պիտի հայտնվեք» (Կողոսացիս 3.1-4)։
Առողջ խիղճ
Սկսած իմ վաղ երիտասարդությունից՝ ես ունենում էի զգացմունքների, մտքերի և վարքի տատանումներ: Բայց, երբ աճեցի Տիրոջ մեջ, 2013թ-ին երբ փրկվեցի, սկսեցի թույլ տալ Աստծուն գործել իմ միջոցով և խաղաղեցնել իմ միտքը Քրիստոսում:
Այս ամենն ինձ հիշեցնում էր մի ուղերձ Սաղմոսաց գրքից, այն մասին, որ Աստված գիտեր ինձ և գիտեր, թե ինչպիսին կլիներ իմ կյանքն իր ծրագրածով:
«Քանի որ Դու ես ստեղծել իմ երիկամունքը, իմ մոր արգանդում Դու ես ինձ ծածկել: Փառաբանելու եմ Քեզ, քանի որ ահավոր ու հրաշալի կերպով ստեղծվեցի: Քո գործերը զարմանալի են, ու իմ անձը դա լավ գիտե» (Սաղմոս 139.13-14)։
Աստված ստեցծեց մեզ և ճանաչեց մեզ: Նա ճանաչեց մեր յուրաքանչյուր մասնիկը, և մենք երբեք չենք կարող փախչել կամ թաքնվել Նրանից: Նրա տածած սերը մեր հանդեպ ուղղակի վեր է մեր հասկացողությունից:
Ավելի ուշ՝ Սաղմոս 139-ում աստվածաշունչն ասում է. «Որքա՜ն թանկագին են ինձ համար Քո խոհերը, ո՛վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը: Եթե հաշվեմ, դրանք ավազից էլ շատ են, երբ արթնանում եմ, դեռ Քեզ հետ եմ»:
Աստծո խոհերն ավելի բարձր են, քան՝ մերը (Եսայա 55.8-9), և շատ դժվար են հասկանալու համար: Մենք բոլորս փափագում ենք Աստծուն լիարժեք հասկանալ, և շատ հաճախ դա կարող է պահանջել ավելին, քան կկարողանանք տալ: Բայց Աստված ցանկանում է, որ փնտրենք Իրեն և այդ ժամանակ է, որ Նա կհայտնի մեզ մեր հարցերի պատասխաններն Իր կամքի համեմատ:
Ղուկաս 12.22-ում աստվածաշունչն ասում է, որ մենք չպետք է մտահոգվենք մեր կյանքի համար: Եվ Ղուկաս 12.31-ում ասվում է. «Բայց դուք նախ Աստծո թագավորությունը փնտրեցեք, և այս բոլոր բաները պիտի ավելացվեն ձեզ»: Այս աշխարհի մարդիկ են ընկնում կերակուրի, հագուստի, հացի և նման շատ բաների երևից, քանի որ նրանց միտքը կենտրոնացած է այս աշխարհային բաների վրա և ոչ՝ երկնայինի:
Այսպիսով, ինչո՞ւ ենք մենք փնտրում մեր սեփական արքայությունը: Որովհետև մենք կենտրոնացած ենք վախի վրա: Բայց Հիսուսը մեր խաղաղությունն է, և երբ մեր միտքն ուղղում ենք Նրան, մենք չպետք է վախենանք, որովհետև մենք Նրա մեջ ենք:
Վերջապես, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ հարգանքի արժանի, ինչ որ արդար է, ինչ որ՝ մաքուր, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բարի համբավ ունի, ինչ որ՝ առաքինի և ինչ գովելի բան, որ կա, դրանց մասին մտածեցեք:
Մեր նոր կյանքը Քրիստոսում
Երբ մենք հրավիրեցինք Հիսուս Քրիստոսին մեր կյանք, մեր հին «կյանք»-ն ու «ես»-ը գնացին, բայց դա չի նշանակում, որ մենք անմիջապես փոխվեցինք: Մենք պետք է մեր կյանքում և սրտում հաշվետու լինենք Աստծուն:
Ամեն օր ես աշխատում եմ դառնալ ավելի լավը: Բայց միշտ չէ, որ հաջողվում է: Եվ դա նորմալ է: Նորմալ է, որ կատարյալ չեմ, բայց ձգտում եմ միտքս Քրիստոսի վրա պահել:
Կողոսացիս 3.5-17 խոսքերում ասվում է, թե ինչը պետք է դուրս նետենք մեր կյանքերից և ինչը՝ պահենք: Մենք բոլորս մեղանչում ենք, բայց պետք է դառնանք ու ապաշխարենք: Աստված մեզ տալիս է շնորհք, որը պարգև է, և քանի դեռ մենք ապավինում ենք Նրան և ոչ թե մեզ, մենք կաճենք ու ավելի կնմանվենք այն անձին, որը պետք է լինենք՝ ըստ Աստծո կամքի:
Հեղինակ՝ Ռեբեկա Գորդոն
Աղբյուրը՝ christianity.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը