Ցավ, տառապանք, վիրավորանք, հիասթափություն...

Այս խոսքերը ծանոթ են յուրաքանչյուրիս մանկուց, երբ առաջին քայլերն անելիս ընկնում էինք, ցավից լալիս կամ երբ մայրիկը բարկանում էր, ապտակում ու ֆիզիկական ցավին ավելանում էր նաև վիրավոր հոգու ցավը, որն ավելի դժվար է ամոքվում, քան՝ ֆիզիկականը։ Մեզ խաբում ու դավաճանում էին մեր մանկական ընկերները, մենք կրկին լալիս էինք հիասթափությունից, մենք էինք դավաճանում ու խաբում նրանց, մենք էինք ցավեցնում, հետո ամոթն ու ափսոսանքը խեղդում էին մեզ...

Տարիների ընթացքում մենք սովորում ենք ցավին դիմանալ ու նույնիսկ ապրել ցավի հետ։ Մենք վնասվում ենք ու վնասում, վիրավորվում ու վիրավորում, հիասթափվում ու հիասթափեցնում, տարբեր հիվանդությունների միջով ենք անցնում: Մեզ տրորում է անողոք աշխարհը, և մահը խլում է մեզանից մեր մտերիմ մարդկանց...

Տարիների ընթացքում մենք երանի ենք տալիս մանկական ցավերին ու հոգսերին, քանի որ տառապանքը գնալով ավելանում է՝ համաճարակ, պատերազմ, ճգնաժամ և անկայուն, մշուշոտ ապագա: Մենք սովորում ենք ապրել՝ այդ բեռը կրելով և այլևս չենք լալիս, մեր փխրուն մանկական սիրտը տարիների ընթացքում կարծրանում է, իսկ հոգսերը՝ շատանում, գոյատևման պայքարի դառնահամը և ունայն, միապաղաղ կյանքի ընթացքը ճնշում են մեր քիմքը՝ թույլ չտալով ճաշակել իրական կյանքի համը...

Ցա՞վ. մենք դեռ չգիտենք՝ ինչ է իրական ցավը... Դժոխքում տանջվող հարուստը հավանաբար երանի կտար աղքատ Ղազարոսի երկրավոր տառապանքներին, քանի որ դրանք վերջացան, և Ղազարոսը մտավ երանության հավիտենական դարպասներից ներս, իսկ ինքը տանջվում է կրակի բոցերում... Այդ ցավերին ու սարսափելի տառապանքներին հնարավոր չէ դիմանալ կամ սովորել գոյատևել այդ պայմաններում, դա տարբեր է երկրավորից։

Բայց Աստված Քրիստոսով մխիթարում է մեզ, նոր կյանք պարգևում, և երբ թողնենք այս աշխարհը, հավիտենության շեմը հատելուց հետո ցավը վերանալու է ...

Իհարկե՛, ինձ շեմից ներս կթողեն, եթե ընդունել եմ Նրան՝ որպես Տեր և Փրկիչ, միացել Նրա եկեղեցուն ու պահպանում եմ փրկությունս՝ Նրա խոսքի մեջ մնալով։ Հակառակ դեպքում, եթե մերժեմ Աստծո Որդուն, ապա գալիք հավիտենության մեջ երանի կտամ երկրավոր ամենասարսափելի ցավերին անգամ... Բայց փառք Աստծուն. Նա ներել է ինձ, և ես թանկ եմ պահում այդ ներումը և գիտեմ, որ այս խոստումը ինձ համար է.

«Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։ Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։ Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։ Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։ Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու» (Հայտնություն 21.1-7):

Շնորհակալ եմ, Տե՛ր, քո անգին պարգևի համար...

Լևոն  Մարգարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.