Քո երեխան ունի՞ Աստծո կարիքը
Յուրաքանչյուր մարդ՝ լինի մեծ, թե՝ փոքր, ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ և իր մեջ ունի հոգի: Սա նշանակում է, որ նա արդեն իր մեջ ունի հոգևոր կարիք, որն Աստծո կարիքն է: Ցավալի է, սակայն շատ մարդիկ այն չեն հասկանում ու ցանկանում են իրենց մոտ առաջացած այս անբավարարվածությունը լցնել ուրիշ կերպերով:
1. Ամեն բանից առաջ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ծնողները նախ իրենք առողջ և ճիշտ կյանք ապրեն Աստծո առաջ, նոր սովորեցնեն իրենց երեխաներին: Կյանքովդ օրինակ եղի՛ր երեխայիդ: Մեր երեխաները չեն հասկանա Աստծո սերը, ողորմությունը, ներողամտությունը, բարությունը, ճշմարիտ Աստծո Խոսքի իմաստը, մինչև փորձառաբար չտեսնեն գործնական հարաբերության մեջ, այն էլ՝ ընտանեկան հարկի տակ:
2. Աստվածաշունչը հոգևոր պատասխանատվությունը հիմնականում հանձնում է ծնողներին. Աստված ստեղծեց ընտանիքը, որպեսզի սա այն լինի հաստատությունը, որտեղ կսովորեցնեն երեխաներին քայլել ճիշտ ճանապարհների մեջ: Աստված սա չի պահանջում եկեղեցուց, քարոզչից, դպրոցից, այլ՝ միայն ծնողներից: Հետևաբար, ծնողները չպետք է երբեք մեղադրեն որևէ մեկին, երբ իրենց զավակները մոլորվեն ու սխալ ուղի ընտրեն:
3. Աստվածաշունչը պարզորեն սովորեցնում է ծնողներին, որ իրենց զավակներին տված կրթությունը լինի հաստատ ու հարատև: Հոգևոր դաստիարակությունը շարունակաբար պետք է լինի և՛ խոսքով, և՛ բարի օրինակով ամեն ժամանակ: Դրանք փորձեր չեն, որ մեկ սխալ լինեն, մեկ՝ ճիշտ, այլ կյանք է, որ մարդ ապրում է առավոտ, կեսօրին ու երեկոյան: Երեխաները սիրում են շատ հարցեր տալ. նրանք այդպես անելով՝ սկսում են ծանոթանալ և ճանաչել իրենց շրջապատը, արտաքին աշխարհը և նաև Աստծուն: Սակայն շատ անգամ ծնողները չեն ցանկանում պատասխանել երեխաների հարցումներին՝ ասելով, որ զզվեցնում են իրենց կամ էլ զբաղված են ու ժամանակ չունեն:
4. Աստվածաշունչն ասում է.«Կրթիր երեխային իր ճամփան սկսած ժամանակ, որպեսզի իր ծերության ժամանակ էլ նրանից չհեռանա» (Առակաց 22.6): Երեխային պետք է Աստծո խոսքով կրթել դեռ օրորոցից: Աստծո կարիքն ամենակարևորն է, որ մարդ արարածը՝ երեխան, զգում է, և այն անպայման պետք է լրացվի մարդու կյանքում, քանի որ այն ոչնչով հնարավոր չէ փոխարինել:
Մարիամ Արզումանյան
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը