Փակի՛ր բոլոր դռները
Ցանկացած քրիստոնյայի ուշադրություն ու զգոնություն է պետք, որպեսզի թույլ չտա՝ ինչ-որ բաներ սողոսկեն սիրտ և փչացնեն իր հոգևոր ընթացքը: Մեր հոգևոր կյանքը խնամքի կարիք ունի, այն պետք է սնել Աստծո Խոսքով, աղոթքով: Միևնույն ժամանակ մենք պետք է զգաստ լինենք, որպեսզի փակենք մեր սրտի ու մտքի դուռը մեղքի առաջ, որպեսզի անգամ մի փոքրիկ անցք չթողնենք բաց:
Երբ քրիստոնյան որոշ հոգևոր հասունություն է ձեռք բերում, նրա համար շատ ավելի հեշտ է արտաքին մեղքեր չգործել: Նա չի՛ հայհոյում, չի՛ ստում, չի՛ գողանում և այսպես կարող ենք դեռ երկար թվարկել: Նա գրեթե միշտ ժպտում է, ուրախ է բոլորի հաջողությունների համար, միշտ հույսով լցված, և թվում է, թե նրա մոտ ամեն բան հիանալի է: Սա շատ լավ է և գովելի: Այս ամենը տեսնում են մարդիկ, դա կարող է և՛ իրական լինել, և՛ կեղծ, բայց դիմացինին մնում է միայն հավատալ, որովհետև տեսնում է այն, ինչ կա: Բայց ի՞նչ է տեսնում Աստված, երբ նայում է մեզ:
Արդյո՞ք Նա նույնպես տեսնում է, որ մեր հոգևոր կյանքում ամեն բան հիանալի է և ամեն բան իր տեղում է: Նրա Խոսքն ասում է. «...Ես եմ երիկամունքները և սրտերը քննողը. Եվ կտամ ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ» (Հայտնություն 2.23):
Աստված ի տարբերություն մարդկանց նայում է սրտին, Նա քննում է մեր սրտերը և գիտի այնտեղ ծածկված ամեն մի մանրուք: Որքան մեղքեր կան, որ կատարվում են քրիստոնյայի սրտում ու մտքում, որոնք նա ծածուկ է պահում և շատ անգամ անտարբերության մատնում դրանք, երբեմն էլ դա դառնում է սովորական մի բան, և քրիստոնյան նույնիսկ չի գիտակցում, որ մեղք է գործում: Դրանք շատ են՝ չար ցանկություն, ատելություն, որքան հաճախ են մարդիկ իրենց սրտում դատում, արհամարհում, չներում: Բայց ավելին ուզում եմ խոսել նախանձի մասին:
«Մարմնին կյանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտություն ոսկորներին» (Առակաց 14.30):
Նախանձը, որը քիչ-քիչ փտեցնում և կործանում է քրիստոնյայի հոգևոր կյանքը: Այն սկզբում փոքր է լինում, իսկ հետո՝ աճում: Նույնիսկ եթե մի փոքր տեղ ես թողնում նրա համար,այն անխնա սկսում է կործանել քո միտքը, սիրտը, իսկ հետո նաև քեզ՝ որպես հոգևոր: Ինքս շատ եմ մտածել նախանձի մասին, աղոթել ու փորձել հասկանալ, թե ի՞նչ է այն և որտեղի՞ց է սկսում...Գուցե պատասխանները շատ են, բայց մեկը սովորել եմ Տիրոջից. երբ մարդ կորցնում է վստահությունը, հավատքն Աստծո հանդեպ, սկսում է նախանձել իր դիմացինին, որովհետև չի հավատում, որ Տերը իր համար էլ յուրահատուկ ծրագիր ունի, որ կարող է ավելին տալ, քան նա խնդրում, մտածում ու հասկանում է, որ Նրա օրհնությունները առատ են բոլոր Իրեն խնդրողների համար, որովհետև քրիստոնյաները շատ հաճախ նայում են իրենց դիմացինին, նրա ունեցած-չունեցածին, փոխարեն՝ միշտ իրենց հայացքը դեպի Տերն ուղղեն:
Եթե ներսումդ նախանձի մի փոքր նշույլ անգամ կա, մոտեցի՛ր Տիրոջը, փորձի՛ր գտնել այն դուռը, որով թույլ ես տվել այն մտնի ներս: Եթե վստահես Աստծուն քո կյանքում ամեն բան, ամեն ընթացք, ապա նախանձելու առիթ չես ունենա. սրտումդ միայն ուրախություն կլինի քո դիմացինի ամեն հաջողության համար:
Քրիստինե Աթոյան