Կառլ Վեյքը պատմում է, որ հունգարական ռազմական ստորաբաժանումներից մեկը մոլորվում է Ալպերում և մի քանի օր անց կացնելով ձնաբքերի մեջ՝ մի կերպ կարողանում է դուրս գալ մոլորությունից և տեսնել մարդկանց։ Բայց ի՞նչ է պարզվում իրականում։

Տեսնելով, որ մոլորվել են` ստորաբաժանման անձնակազմը հասկանում է՝ մահը մոտ է, պետք է պատրաստվել։ Սակայն նրանցից մեկն ուրախացած բացականչում է, որ իր մոտ քարտեզ կա. միանգամից ապրելու հույսն է ծնվում բոլորի մոտ։ Հավաքվում են, մոտավորապես գտնում են իրենց տեղն ու պատրաստվում արշավի։

Մի քանի օր տանջվելուց հետո դուրս են գալիս մարդկանց մոտ, բայց որքան է լինում զարմանքը, երբ տեսնում են, որ քարտեզը ոչ թե Ալպյան լեռներինն էր, այլ՝ Պիրենյանինը։

Ընդամենը մի սխալ քարտեզը հույս էր տվել մի ողջ ստորաբաժանման, որ կարելի է փորձել ու ապրել։ Ապա որքան առավել մեզ կարող է հուսադրել Նա՝ Աստված, Ով ակունքն է Հույսի։ «Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը» (Երեմիա 29.11):

Ճանաչի՛ր Հավատի, Հույսի և Սիրո Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ինչ էլ պատահի, Նա քեզ չի թողնի։ Նրա ձեռքերում դու հույս կգտնես, և այն քեզ ուժ կտա հաղթահարելու, առաջ շարժվելու, տոկալու համար։ «Նա մխիթարէ ձեր սրտերը եւ հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ» (Բ Թեսաղոնիկեցիս 2.16-17):

Եվ ամեն անգամ, երբ լուսաբացի վճիտ աչքերում կուլ է գնում խավար գիշերը, Նա ավետում է Իր Հույսի լուրը ողջ մարդկությանը։ Եվս մեկ լուսաբաց... ևս մեկ բացվող օր... Ուրեմն՝ երկինքն ազդարարում է՝ Հույս կա։

Շարունակի՛ր ապրել՝ ամուր պահելով հույսի շնորհը։

Տաթև Գևորգյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.