Ետ մի՛ նայիր․ Արտավազդ Թադևոսյան
«Առաջինները մի՛ հիշեք. և հին բաները մի՛ մտաբերեք: Ահա Ես նոր բան եմ անում. Հիմա կհայտնվի...» (Եսայի 43.18-19):
Աստված երբեմն խիստ է պատվիրում ետ չնայել, պարզապես գնալ առաջ: Ինչ եղել է անցյալում՝ լավ թե վատ, երբեմն պետք է պարզապես թողնել անցյալում և ճիշտ ու հաստատուն քայլերով գնալ առաջ: Սոդոմ ու Գոմորը կործանելիս Աստված Ղովտի ընտանիքը փրկեց և դուրս հանեց այդտեղից, բայց նրանց պատվիրեց ետ չնայել, և մենք գիտենք, որ Ղովտի կինը ետ նայեց և միանգամից աղե արձան դարձավ: Երբ Աստված պատվիրում է առաջ շարժվել, պետք չէ ետ նայել:
«Հիսուսն էլ նրանց ասաց. Ոչ ով որ ձեռքը մահճի վրա է դնում և ետեւին մտիկ անում, հարմար չէ Աստծո արքայության համար» (Ղուկաս 9.62):
Սիրելի՛ հոգի, Աստված այսօրվա Աստվածն է, Նա քեզ համար հրաշալի օրհնություններով լի ժամանակներ է պատրաստել այսօրվա և գալիքի համար: Դու շատ անգամներ, նայելով անցյալին, նայելով ետ, չես գնահատում այն, ինչ Տերը տվել է քեզ կամ չես կարողանում առաջ գնալ, որտեղ Տերն առաջնորդում է քեզ, որովհետև հայացքդ ետ է ուղղված:
Վստահեցնում եմ քեզ, որ Աստված քեզ տանում է փառքից փառք և օրհնությունից օրհնություն, մի՛ մոլորվիր անցյալի հուշերի մեջ. անցյալը անցավ և հիշելը միայն պետք է նպաստի այնտեղից սովորած դասերը գործածելուն և դրանք հիշելով՝ Աստծուն փառաբանելով: Նայի՛ր առաջ, տե՛ս, թե Տերը ինչ է պատրաստել քեզ համար: Եթե ուշադիր չլինես, դու կարող ես բաց թողնել Աստծո հրաշալի պատրաստածը քեզ համար:
Մարդիկ շատ են խաբվում, մի ամբողջ կյանք ապրում են ՝ երանի տալով անցյալին և վախենալով ապագայից՝ չեն կարողանում լիարժեք ապրել իրենց այսօրվա օրը:
«Ես դանդաղ եմ քայլու, բայց երբեք ետ չեմ նայում».Աբրահամ Լինքոլն:
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը