Կորած և գտնված...
Ղուկաս 15-րդ գլուխը խոսում է կորած բաներ որոնելու մասին: Դա այն է, ինչ անում է Աստված. Նա որոնում է մարդկանց, ովքեր «մոլորվել» են իրենց իրական ճանապարհից;
Կորած ոչխարի առակը պատմելիս Հիսուսը ասում է. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա, և եթե դրանցից մեկը կորցնի, չի՞ թողնի իննսունիննին անապատում և գնա այն կորածի ետևից, մինչև որ գտնի նրան: Եվ երբ գտնում է նրան…կանչում է իր հարազատներին և հարևաններին, ասելով՝ ուրախացեք ինձ հետ, քանի որ իմ կորած ոչխարը գտա» (Ղուկաս 15.4-6):
Մենք կյանքի ընթացքում շատ ենք փորձառում դեպքեր, երբ ինչ-որ կերպ «մոլորվում» ենք մեր ճանապարհից: Միգուցե այս պահին էլ դուք զգում եք, որ ձեր իրական տեղում չեք, թափառում եք այլ վայրերում, կորցրել եք ձեր փոխհարաբերությունը Աստծո հետ կամ դրանք այնքան ջերմ չեն, ինչպես նախկինում: Եվ կարծես թե զգում եք, որ կյանքը կորցրել է իրական իմաստն ու ուղղությունը կամ փնտրում եք ավելին, ինչը չունեք, չեք գտնում այս պահին:
Եթե այդպես է, ապա շատ կարևոր է իմանաք, որ անկախ նրանից, թե դուք ամբողջությամբ եք կորել, մոլորվել, թե մի փոքր, միևնույն է, Աստված փնտրում է ձեզ: Նա փնտրում է ձեզ և երբ որ գտնի, մեծ խնջույք է պատրաստելու:
Եթե դուք դեռ չեք ընդունել Հիսուս Քրիստոսին որպես ձեր Փրկիչ, ապա սա ձեր առաջին և ամենամեծ քայլն է, որ կարող եք անել: Աստված սիրում է ձեզ, և Նա ցանկանում է առաջնորդել ձեզ այն ճանապարհորդության ընթացքում, որը մենք անվանում ենք կյանք:
Հրավիրում եմ քեզ այսօր անելու այս աղոթքը.
«Հա՛յր, շնորհակալ եմ, որ դու երբեք չես հրաժարվել ինձանից: Ես հավատում եմ, որ Դու սիրում ես ինձ և Քո Որդուն ուղարկեցիր խաչվելու իմ մեղքերի համար՝ վճարելու այն գինը, որը ես երբեք չէի կարողանա վճարել: Ես գալիս եմ Քեզ մոտ, հանձնվում եմ քեզ այնպիսին, ինչպիսին որ կամ: Ես իմ կյանքը, ինձ հանձնում եմ Քո ձեռքերի մեջ ու ցանկանում, որ Դու ինձ առաջնորդես իմ կյանքի բոլոր օրերում: Այս ամենը խնդրեցի Հիսուսի անունով, ամեն»:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուր՝ joycemeyer.org