Մի ամուսնական զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։

– Նայի՛ր՝ ի՜նչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է նա ամուսնուն։

Բայց ամուսինը կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։

– Երևի լվացքի փոշին է վատը եղել կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- ինքն իրեն որոշում է կինը։

Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր, թե որքան կեղտոտ է այն։

Իսկ մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչեց.

– Օ՜, այսօր մեր հարևանուհու լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։

– Ո՛չ,- պատասխանեց ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել ու լվացել պատուհանը։

Հ.Գ. Սիրելինե՛ր, ուշադիր լինե՛նք քննադատելուց կամ հետևություններ անելուց առաջ. չէ՞ որ Աստվածաշունչն էլ զգուշացնում է. «Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում» (Մատթեոս 7. 3):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.