Բ Կորնթ. 12.9-10 - «Որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. արդ  աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կպարծենամ...: Վասն որոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար.  որ երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»։

Մեկին տեսա, որ կապված էր, մեկին տեսա, որ հարվածվում էր, մեկին տեսա, որ մեղադրվում էր և ոչ մեկ չկար, որ պաշտպաներ նրան, մեկին տեսա, որ ծաղրվում էր, մեկին տեսա, որ դատապարտվեց մահվան, մեկին տեսա, որ կրում էր իր ծանր խաչը, որի վրա դատապարտված էր՝ գամվելու մերձիմահ, մեկին տեսա, որ մարդիկ նայելիս խղճում էին և լաց լինում, մեկին տեսա, որ ծարավ էր, բայց նրա ծարավին անարգանքով մոտեցան, մեկին տեսա, որ կարծես քիչ էր այս ամենը, շարունակվում էր մեղադրվել, քանի դեռ գամված էր խաչին, մեկին տեսա, որ արնաքամ էր լինում, մեկին տեսա, որ մահացավ…

Այո՛, ես չէի սխալվում, սա Նա էր՝ Ամենակարողի Որդին, նույն ինքը՝ Աստված, որ մարդացավ և աշխարհ եկավ…

Մարդկորեն նայելով այս ամենին՝ հասկանում ենք մի բան՝ պարտություն և վախճան։ Բայց երբ նայում ես հոգևոր աչքերով և Աստծո տեսանկյունով, այլ բան ես տեսնում։

Շատ հետաքրքիր էր տեսնել նաև Նրա հաղթական հարությունը, որը սկիզբն էր նոր կյանքի և նոր ընթացքի։

Նա այն մեկն է, որ իր կապվելով՝ ազատ արձակեց սատանայի կողմից կապվածներին և բանտարկյալներին, Նա այն մեկն է, որ հարվածված լինելով՝ կանխեց կյանքի և հակառակորդի կողմից ամեն հարվածները, Նա այն մեկն է, որ իր մեղադրանքով պաշտպանեց մեզ և վերցրեց մեր վրայից ամեն արդարացի մեղադրանքները, Նա այն մեկն է, որ Իր ծաղրանքով և անպաշտպան լինելով՝ մեզ ազատեց ամեն ծաղրանքից և Ինքն անձամբ դարձավ մեր պաշտպանը, և մենք համարձակ կարող ենք ասել. «Եթե Նա մեզ հետ է, ապա, ով կարող է մեզ հակառակ լինել»։

Նրա մահով մենք կյանք ունեցանք, այն էլ՝ լիուլի ու հավիտենական կյանք, Նրա դատապարտությունը մեզ ազատ արձակեց մեղքի դատապարտությունից, Նրա թափված արյունը սրբեց մեզ գործած ամեն մեղքերից, Նա մենակ էր խաչափայտի վրա գամված, բայց Նրա այդ միայնությունը նպաստեց նաև, որ Նա միշտ, ամեն ժամանակ մեզ հետ լինի, անգամ մինչև աշխարհի վերջը։

Սիրելի՛ մարդ, ինչպե՞ս են մարդիկ քեզ տեսնում՝ տկա՞ր, վշտացա՞ծ, հոգնա՞ծ կամ թուլացա՞ծ։ Մարդիկ կարող են այլ կերպ տեսնել քեզ, բայց դու նայիր քեզ Քրիստոսի օրինակով. ամենաթույլ ժամանակում Նա կրեց ամենամեծ հաղթանակը, ամենալքված ժամանակում Նա հասավ բոլորին, ամենաանարգված իրավիճակում ազատեց անարգանքից ամեն Իրեն հավատացողին…

Քո բոլոր տկարությունները ահա այսպիսի վերջաբան կարող են ունենալ։ Դու Նրա աշակերտն ես, Նրա հետևորդը, և համարձակ կարող ես ասել՝ «Նրա շնորքը և զորությունը ավելի գործում է իմ մեջ այն ժամանակ, երբ ես տկար եմ»։
Ապրիր այս հավատքով այսօր և գլուխդ վե՛ր բարձրացրու, նայիր Նրան և հպարտացիր Նրանով, որ զորացնում է քեզ ամեն իրավիճակի մեջ։
Թող այսօր Քրիստոսի զորությունը հզոր կերպով դրսևորվի քո կյանքի բոլոր տկարությունների մեջ։

Օրդ թող օրհնված լինի Ամենակարողի կողմից։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.