Չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես
Շատ հարցեր կան մեր կյանքում, որոնց համար աղոթում ենք, բայց այդպես էլ պատասխանը չենք ստանում: Դա կարող է մի քանի պատճառներ ունենալ՝ գուցե մեր թերահավատությունը, գուցե դեռ ժամանակը չէ, բայց ուզում եմ մեկ այլ բանի մասին խոսել:
«Մի՛ լռեք, և Նրան դադար մի՛ տաք, մինչև որ Նա հաստատե» (Եսայի 62.7):
Արդյոք մենք կարողանո՞ւմ ենք այս կերպով աղոթք անել՝ չնայելով ոչ մի իրավիճակի, այլ համառ կերպով Աստծուն դադար չտալով, աղոթել այնքան, մինչև որ Նա հաստատի: Տերը ուզում է մեր մեջ տեսնել այդ «համառ» հավատքը, որը գնում է մինչև վերջ, առանց դադարի, որը կարողանում է որոշում կայացնել՝ աղոթել այնքան, մինչև որ ստանա իր պատասխանը:
Երբեմն մեր աղոթքը դառնում է սովորական պարտականություն, որը մենք անում ենք ամեն օր, որպեսզի մեր խղճի առաջ հանգիստ լինենք, որպեսզի կարողանանք մեզ մխիթարել՝ այդ հարցի համար գոնե աղոթել ենք: Բայց Տերը այդպիսի աղոթքին դժվար թե պատասխանի...Մենք պետք է հստակ որոշում կայացնենք հավատքով ու համառությամբ Աստծո Խոսքի համեմատ աղոթելու, որովհետև եթե մենք իսկապես հավատանք, որ Տերը մեզ կպատասխանի, վստահ չենք թողնի մեր աղոթքը, այլ ամեն օր ավելի ու ավելի համառությամբ կաղոթենք:
«Չեմ թողնի Քեզ՝ մինչև որ ինձ չօրհնես...» (Ծննդոց 32.27):
Ահա հենց սա էր, որ Տերը գնահատեց Հակոբի մեջ, հենց այս աղոթքն է, որ Աստված ուզում է տեսնել նաև մեր մեջ: Հակոբը ուներ հստակ որոշում իր սրտում, որ ուզում է ստանալ օրհնություն Աստծուց, և ոչ մի իրավիճակ, ոչ մի ժամանակահատված չէր կարող ստիպել նրան, որ թողնի Աստծուն: Նա համառությամբ ու հավատքով պատերազմում էր իր օրհնության համար:
Իսկ մենք երբևէ կայացնո՞ւմ ենք որոշում պատերազմելու մեր աղոթքի մեջ, որոշում՝ սպասելու Աստծուն և Նրան դադար չտալու, որոշում՝ չլռելու, որոշում՝ հավատալու և օրհնվելու: Արդյո՞ք մենք կարող ենք Հակոբի նման ասել՝ չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես...
Քրիստինե Աթոյան