Քայլել առյուծի հետ...
«Լաց մի՛ լինիր, ահա հաղթեց Առյուծը, որ հուդայի ցեղից է՝ Դավթի արմատը» (Հայտնություն 5.5):
Սովորաբար քեզ թվում է, թե դու մենակ ես քայլում մարտահրավերների դեպքում: Սակայն իրականում կա զորավոր Մեկը, Ով քայլում է քո առջևից՝ առաջնորդելով քեզ: Երբ Հիսուսին նկարագրում ենք Գալիլեայի ծովի մոտով քայլելիս ու լեռան վրա սովորեցնելիս, բավական չէ, որպեսզի հասկանանք, թե ով է Նա հիմա. Աստծո Որդին եկավ այս երկիր որպես մարդ՝ թողնելով Իր աստվածային արտոնությունները: Սակայն Նա այլևս չի քայլում երկրի վրա՝ մարդկային կերպարանք հագած. այսօր Նա երկրի վրա քայլում ու գործում է Իր որդիների և դուստրերի միջոցով: Բարձրացրու՛ քո աչքերը և տե՛ս Նրան՝ որպես Հուդայի Առյուծ՝ Իր փառահեղ մեծությամբ և ուժով: Նա ցանկանում է, որ դու ապրես զարմանքի և հրաշքի վայրում, այլ ոչ թե կանոնների ու պարտականությունների բնագավառում:
Քո կյանքի ճանապարհն ուղեկցվում է բազմաթիվ ձայներով և ազդեցություններով: Ոմանք ուժեղացնում ու հաստատում են քո բռնած ուղղությունը, ուրիշները շեղում ու տարհամոզում են քեզ քո ճանապարհից: Որոշ ձայներ դրդում են քեզ գնալ դեռևս անհայտ վայրեր, իսկ մյուսներն էլ քեզ ետ են պահում:
Կան անցյալից եկող ընտանիքի, հիասթափության ու վախի ձայներ, որոնք պարբերաբար գոռում ու շշնջում են. «Մի՛ կողմ շրջվիր, ե՛տ դարձիր. դու կարող ես ձախողվել ու վնասվել»: Այս բացասական ու կործանարար ձայները հորդորում են պաշտպանել ինքդ քեզ, բայց սրանց մեջ լսվում է նաև հզոր ու կենսատու ձայների կանչը: Այդ ձայները միշտ կան. սակայն եթե ուշադիր չլինես, կարող ես դրանք բաց թողնել:Երկնային այն զորքի ձայնը, որ քեզանից առաջ է գնացել, Սուրբ Գրքի միջոցով կանչում է քեզ՝ քաջալերելով առաջ գնալ և կանգ չառնել. «Մի՛ լսիր քո վախերին կամ քո շուրջը տիրող սարսափին: Մի՛ լսիր քո թշնամու ստերին, ով դատապարտված է հավիտենական տանջանքի: Մի՛ հուսահատվիր. մենք քո կարիքն ունենք: Ճանապարհից մի՛ շեղվիր ու վազիր քո ասպարեզը»:
Հիշի՛ր, որ առյուծի ներկայությունից բոլոր գազանները դողում են: Չնայած Սուրբ Գրքում ասվում է, որ սատանան առյուծի պես շրջում է երկրով ու փնտրում է, թե ում կարող է կուլ տալ, սակայն նա առյուծ չէ, այլ պարզապես նմանակում է առյուծին: Սատանան ընդհանրապես մրցակից չէ մեր իսկական Առյուծի հետ. խավարի իշխանն ու նրա կամակատարները ձևացնում են, թե աստվածային մռնչյուն են հանում ու փորձում են աղոտ կերպով արտացոլել Աստծո լույսն ու ստեղծագործական հանճարը:
«Երբ արթնանում են կին առյուծները», Լիզա Բիվեր
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը